Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայում ահաբեկչությունների առնչությամբ, որոնց զոհ է դարձել 49 մարդ՝ դրանք անվանելով «անիմաստ հարձակումներ», տեղեկացնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խորապես տխուր է՝ իմանալով  վիրավորների եւ զոհերի մասին՝ ի հետեւանք բռնության անիմաստ գործողությունների Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում, եւ հավաստիացնում է Նոր Զելանդիայի բոլոր բնակիչներին, հատկապես մուսուլմանական հանրությանը, որ սրտակցում է նրանց»,- ասվում է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի անունից գրված հեռագրում։

«Իմանալով այս ծանր իրավիճակում անվտանգության ծառայությունների փրկարար ջանքերի մասին՝ Նորին Սրբազնությունն աղոթում է վիրավորների ապաքինման, սիրեցյալներին կորցրածներին զորակցության համար, եւ բոլոր նրանց համար, ում անդրադարձել է այդ ողբերգությունը։ Տիրոջ սիրասուն ողորմությունը հայտնելով զոհվածներին՝ Ֆրանցիսկոս պապը Աստծո մխիթարությունն է փոխանցում եւ ուժ ամբողջ ազգին»,- ասվում է հովվապետի ուղերձում։

Ուրբաթ օրը նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում հրաձգություն է տեղի ունեցել։ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը դա ահաբեկչական գործողություն է անվանել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 49 մարդ, եւս 48-ը հիվանդանոցում է։ Կալանվել է երեք կասկածյալ, նրանց մեջ՝ Ավստրալիայի քաղաքացի։ Մեկ մարդու սպանության մեղադրանք է ներկայացվել։