Նոր Զելանդիայի մզկիթում ահաբեկչության տեսանյութը հեռացվել է Facebook սոցցանցից: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Նոր Զելանդիայում Facebook-ի ներկայացուցիչ Միա Գարլիքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նորզելանդական ոստիկանությունը տեղեկացրել է մեզ Facebook-ում տեսանյութի մասին այն հրապարակելուց կարճ ժամանակ անց, եւ մենք անմիջապես հեռացրել ենք հրաձիգի հաշիվները, ինչպես նաեւ տեսանյութը Facebook-ից եւ Instagram-ից»,-հաղորդել է նա:

Ըստ CNN-ի տվյալների՝ Twitter-ը եւս հեռացրել է հանցագործի հաշիվն ու այժմ քայլեր է ձեռնարկում ահաբեկչության տեսանյութը հեռացնելու ուղղությամբ: Google-ի ներկայացուցչի խոսքերով՝ արդեն միջոցառումներ են ձեռնարկվել  տեսանյութը YouTube-ից հեռացնելու ուղղությամբ:

Ավելի վաղ Նոր Զելանդիայի ոստիկանությունը դիմել էր համացանցի օգտատերերին՝ խնդրելով չտարածել Քրայսթչերչում մզկիթների վրա հարձակման մեջ մեղադրվող ավստրալացի հրաձիգ Բրենթոն Թարանթի տեսանյութը: Ուրբաթ զինված անձինք կրակ են բացել նորզելանդական Քրայսթչերչի Ալ-Նուր եւ Լինվուդ մզկիթներում, որտեղ այդ պահին կային հարյուրավոր մարդիկ: Ահաբեկչության հետեւանքով, ըստ վերջին տվյալների, կա 49 զոհ եւ տասնյակ վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Մզկիթում հարձակման մեղադրանքով ձերբակալվել է երեք տղամարդ եւ մեկ կին: Ոստիկանության թվիթերյան հրապարակումներից պարզ է դառնում, որ հանցագործներից մեկին՝ 28-ամյա տղամարդուն, սպանության համար մեղադրանք է առաջադրվել. շաբաթ նա կկանգնի Քրայսթչերչի դատարանի առջեւ: Մնացած երկուսը դեռեւս գտնվում են բանտում, եւ, ինչպես նշել են ոստիկանությունում, ավելի վաղ ձերբակալվածներից եւս մեկի առնչությունն այդ գործին չի հաստատվել: