ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, որոնք մեծ դեր ունեն Հայաստանի զարգացման գործում: Օրենսդիր մարմնի ղեկավարը մասնավորապես ընդգծել է ընտրությունների կազմակերպման  գործընթացում ցուցաբերված օժանդակությունը, հետագա համագործակցության համատեքստում կարեւորել ԱԺ ծրագրերին ուղղված փոխգործակցությունը:

Արարատ Միրզոյանն առաջնահերթ է համարել խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողություների զարգացումը` այդ թվում փորձագիտական եւ աշխատակազմի ունակությունների բարելավումը: ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական վերահսկողության կարեւորությունը՝ օգտակար համարելով միջազգային փորձի ուսումնասիրումը:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության օրակարգը՝ մասնավորապես ընդգծելով իրականացվող  բարեփոխումների անհրաժեշտությունը:

Միրյանա Շպոլյարիչ Էգգերը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանում կայացած ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների եւ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա ողջունել է մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները, անդրադարձել ՄԱԶԾ-ի եւ Հայաստանի խորհրդարանի համագործակցությանը, դիտարկել հիմնական առաջնահերթությունները՝ ուղղված երկրում իրականացվող գործընթացներին  ու զարգացման ծրագրերին:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը տարբեր ուղղություններով: