Դեռեւս չի եկել ժամանակը, երբ Արցախի անունից պետք է լինելու ստանալ համաձայնություններ։ NEWS.am-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով Արցախում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստին հնչած հայտարարությունները:

Նա հիշեցրեց Կազանում քննարկված փաստաթուղթը եւ, որպես օրինակ, ասաց, որ եթե Ադրբեջանը համաձայներ կարգավորման այդ տարբերակին, այդ պահից բանակցություններին կմիանար նաեւ Արցախը: Բայց, նրա համոզմամբ, այժմ, երբ համաձայնեցված որեւէ փաստաթուղթ չկա, Արցախի ներգրավումը քիչ հավանական է:

Ընդունելով հանդերձ, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, նա ասաց, որ դրան պետք է հասնել խոշոր եւ երկարաժամկետ դիվանագիտական, քաղաքական աշխատանք տանելով Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում, որպեսզի ՄԽ համանախագահների համաձայնությունը եւ նրանց աջակցությունն ունենալով հնարավոր լինի Ադրբեջանին պարտադրել, որ ընդունի Արցախի մասնակցությունը հենց այս փուլում:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոշտ հայտարարությունը, նրա համոզմամբ, վարչապետի հենց այդ շտապողականության հետեւանք էր:

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանին վերադարձրեցին ելման դիրք, եւ նա այսօր պատրաստ է գնալ բանակցությունների: Այն նախնական հայտարարությունները, որ արել էր՝ լեգիտիմություն, հասարակության կողմից ստացված մանդատ եւ այլն, դրանք բանակցային գործընթացի համար հեքիաթներ են: Բանակցային գործընթացը սիրում է իրական քաղաքականություն, իրական շահեր եւ այդ շահերը համադրելու կարողություն»,-ասաց Արտակ Զաքարյանը:

Անդրադառնալով վարչապետի խոսքում հնչած «Ղարաբաղի հայություն» արտահայտությանը՝ Զաքարյանն ասաց, որ չի կարծում, թե դա վարչապետի միտքն է, իր խոսքում նա հղում է անում Ալիեւին, այնուամենայնիվ, նկատեց, որ հետագայում պետք է զգույշ լինել նմանատիպ արտահայտություններ անելուց: Նրա համոզմամբ, բոլորի համար ընկալելի է, որ Արցախը որպես սուբյեկտ համայնքին հավասարեցված կարգավիճակ ունենալ չի կարող, եւ բանակցային գործընթացի իմաստը հենց այն է, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ դառնա:

Մադրիդյան սկզբունքները արդյոք լավ ժառանգություն է նոր իշխանություններին՝ հարցին, պաշտպանության նախկին փոխնախարարը պատասխանեց՝ կարգավորման այն մոդելն է, որը երկուստեք ընդունելի է, եւ ի սկզբանե Ադրբեջանը այդքան էլ հեշտությամբ չէր համաձայնում 3 սկզբունք, 6 տարր մոդելին: Նրա ընդգծեց, որ Մադրիդյան սկզբունքները դեռեւս լուծումները չեն, դրանք այն բազան են, որի շուրջ բանակցում են: Իսկ բանակցությունը հենց նրա համար են, որպեսզի փոխադարձ ընդունելի տարբերակներ գտնվեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: