Շատ բացասական եմ գնահատում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի օտարման մասին խոսակցությունները։ NEWS.am-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նա ընդգծեց, որ վարժարանը ԶՈՒ վերջին շրջանի կարեւորագույն ձեռքբերումը պետք է համարել:

Նրա խոսքով՝ դա զուտ միայն լավ միջավայր չէ, այլ նաեւ ռազմական կրթության նոր մշակույթ, որը գրավչություն է սպայական կազմ պատրաստելու համար, դա նաեւ հնարավորություն է ռազմական կրթության ոլորտում լիարժեք ներկայանալու օտարերկրյա գործընկերներին:

«Եվ չեմ էլ զարմանում, որ մեր նորընծա երիտասարդները, որոնք պատկերացում անգամ չունեն՝ ինչ է նշանակում բանակ, ինչ է նշանակում սպա, ինչ է նշանակում ռազմական կրթություն, նրանց թվում է, թե հանրակրթական դպրոց է, եւ ցանկացած պայմաններում կարելի է շենքային ապահովումները լուծել: Դրա տակ շատ լուրջ իմաստ եւ ծրագրեր են դրված: Կարծում եմ՝ ՊՆ-ն նախանձախնդիր կլինի այդ հարցում»,-ասաց Արտակ Զաքարյանը:

Նա դժվարացավ ասել՝ որքանով իրական հիմք ունեն այդ մասին լուրերը, բայց եթե ինչ-որ մեկի սեղանին նման նախաձեռնություն կա դրված,նա հույս հայտնեց, որ շատ արագ կհրաժարվի այդ անիմաստ եւ սխալ գործողություններից: