Հանրահայտ Սթոունհենջը, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայում այլ նմանատիպ մեգալիթային կառույցները օգտագործվում էին մեծամասշտաբ խնջույքներ եւ տոնախմբություններ անցկացնելու համար, որոնց մասնակցում էին Բրիտանիայի տարբեր շրջանների բնակիչները, հաղորդում է Planet-today-ը:

Ինչպես հայտնում է Phys.org պորտալը, այդ եզրահանգմանն են եկել Քարդիֆի համալսարանի հետազոտողները, որոնք Սթոունհենջի, Էյվբերիի եւ Դարինգտոն-Ուոլսի արվարձաններում հայտնաբերել էին խոզի ոսկորների մեծ քանակություն:

«Ոսկորների մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բրիտանական մեգալիթների մոտ խոզեր էին բերում անգամ Շոտլանդիայից: Ակնհայտ է, որ կենդանիներն անհրաժեշտ էին մեծամասշտաբ մշակութային միջոցառումներ անցկացնելու համար: Խոզերն անասնապահության հիմքն էին, այդ պատճառով այդ տոնախմբությունների ժամանակ մասնակիցներն ուտում էին մեծ քանակությամբ խոզի միս»,-ասում է հետազոտության առաջատար հեղինակ Ռիչարդ Մեգդվիկը:

Գիտնականները ենթադրում են, որ խոզերը համարվում էին ինքնատիպ վճար, որը կատարվում էր խնջույքին մասնակցել ցանկացող մարդկանց կողմից:

Ընդ որում՝ Բրիտանիայի տարբեր շրջաններից կենդանիների տեղափոխումը բավականին բարդ էր եւ պահանջում էր լուրջ ջանքեր, ուստի խնջույքներում մասնակցությունը, հավանաբար, շատ կարեւոր էր բրիտանացիների համար:

Հետազոտողները նշում են, որ նմանօրինակ բացահայտումները թույլ են տալիս նոր տեղեկություններ ստանալ հին բրիտանացիների սոցիալական կյանքի մասին: Հետեւաբար, մեգալիթների ուսումնասիրությունները կշարունակվեն: