Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը այսօր առավոտից համայնքի կենտրոնում վրան է խփել եւ հացադուլ հայտարարել՝ պահանջելով համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի հրաժարականը։

NEWS.am-ի հետ զրույցում ավագանու անդամը պարզաբանեց իր պահանջը․ «Ես պահանջում եմ դադարեցնել համայնքապետի գործունեությունը, քանի որ համարում եմ, որ նա համայնքապետի գործունեությամբ խոչընդոտում է քրեական գործի ընթացքին»,- ասաց նա։

Համայնքապետի նկատմամբ քրեական գործ հարուցվել է Արթուր Մարդանյանի տրամադրած տեղեկությունների հիմքով․ նա NEWS.am-ին հայտնեց, որ դատախազությանը ներկայացրել է թալանի եւ կոռուպցիայի փաստեր։

Ավագանու անդամը նաեւ նշեց, որ մարզպետարանի՝ 2018 թվականի հոկտեմբերին իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտվել են խախտումների աղաղկող փաստեր, բայց առ այսօր որևէ փաստի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, ընդհակառակը՝ նրա խոսքով «այդ ստուգումները լեգիտիմացրին 28 տարվա թալանչի ղեկավարին»։