Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 15-17-ը աշխատանքային այցով մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմ։

ՀՀ կառավարության եւ ԱԺ պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը եւ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը:

Այցի նպատակն է՝ ծանոթանալ Երուսաղեմի Միաբանության, Հայոց ժառանգավորաց վարժարանի եւ Ընծայարանի գործունեության ու հայկական ժառանգության պահպանման հետ կապված խնդիրներին, ինչպես նաեւ նոր պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ։

ՀՀ անկախությունից տարիներ ի վեր սա ՀՀ կրթության եւ գիտության նախարարին ուղղված Երուսաղեմի հայոց պատրիարքարանի առաջին պաշտոնական հրավերն է: Երուսաղեմի պատրիարքարանը, հանդիսանալով Հայ առաքելական եկեղեցու ինքնավար աթոռներից, տարիներ շարունակ ուղղակի համագործակցություն չի իրականացրել ՀՀ ԿԳՆ-ի հետ։ Մինչդեռ ներկայում հատկապես տվյալ տարածաշրջանում հայկական ինքնության եւ մշակութային ժառանգության պահպանման ու հայագիտության զարգացման հարցերը շատ կարեւոր են Հայոց ցեղասպանագիտության տեսանկյունից:

Տարիներ շարունակ հետեւողական եւ նպատակամետ համագործակցության աշխատանքի բացակայության հետեւանքով Իսրայելում կուտակվել են բազմաթիվ չլուծված հարցեր, ինչպես նաեւ առկա է համագործակցության չօգտագործված ռեսուրս։

Մասնավորապես անորոշ է Իսրայելում գործող Հայոց ժառանգավորաց վարժարանի եւ Ընծայարանի կարգավիճակը։ Վարժարանի ուսումնական գործընթացը եւ մանկավարժական կադրերի խնդիրները նոր լուծումներ են պահանջում, փակման եզրին է հայտնվել Երուսաղեմի համալսարանում հայագիտական բաժինը, ըստ հարկի չի օգտագործվում Երուսաղեմի հայկական եկեղեցու մատենադարանը, հասունացել է Թել Ավիվի համալսարանում հայագիտական ամբիոն հիմնելու, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությունը դասավանդելու խնդիրը: Նշված բոլոր խնդիրներն ընդգրկված են ԿԳ նախարարի այցի օրակարգում։ Նախատեսվում են հանդիպումներ Երուսաղեմի Հայոց պատրիարքի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ։