«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել Հաց Բերող Արթուր Սարգսյանի մահվան 2-րդ տարելիցի առթիվ, որում մասնավորապես ասվում է.

«Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ չորս կողմից տեղացող կրակահերթերի տակ ոստիկանական շղթան ճեղքելով նրանց հաց հասցրած Արթուր Սարգսյանին ճանաչեցինք, սիրեցինք և ընդունեցինք որպես մեր ժամանակների հերոս ու խորհրդանիշ:

Որովհետև Արթուրը մարմնավորում էր այն բոլոր հատկանիշները, որ անհրաժեշտ էին մարդու, քաղաքացու և ազգի ազատագրման ու արժանապատիվ կյանքի հասնելու համար:

Առաջին հայացքով կարող ենք թվարկել դրանցից մի քանիսը՝ հայրենակցի և Հայրենիքի հանդեպ անսահման սեր, դրանից բխող՝ աստվածային բարություն, անսասան ու վճռական կամք և վճռական մենակի հոգեբանություն, նպատակասլացություն և նպատակն իրագործելու համար անհրաժեշտ բազմակողմանի գիտելիքներ: Եվ, մեղք գործած չլինելու համար անմիջապես հավելենք, որ Արթուրը մի ամբողջ տիեզերք էր և անհնար է բառերով նկարագրել նրան:

Այդ պատճառով հացի մշակույթ ստեղծած և այն որպես մարմնական, մտավոր ու հոգևոր կյանքի խորհրդանիշ պաշտող ազգի մարդիկ նրա հանդեպ իրենց սերն ու երախտիքն արտահայտելու համար նրան կնքեցին Հաց Բերող պատվանմամբ:

Հաց Բերող, ասել է թե՝ մարմնին կյանք ու մտքին լույս բերող և հոգին քնից արթնացնող հավատար:Մարդիկ ոչ միայն տեսան ու հասկացան, որ հնարավոր է, ոչ միայն համոզվեցին, որ իրենք կարող են և պարտավոր են, այլև ըմբռնեցին, թե հանուն ինչի և ինչպես պետք է ապրի մարդը, հայը, քաղաքացին:

Հաց Բերողն ուղեկցող փարոս դարձավ հուսահատությունից և անարժանապատիվ գոյությունից դեպի մարդավայել ապրելն ու արարելը տանող դժվարին ճանապարհին:

Հաց Բերողն ըստ էության լույս սփռեց մեր ազգային առաքելության պատկերի վրա՝ ցույց տալով Արարատյան մարդու կերպարն ու նրա համամարդկային անելիքը:

Արագածի վրա կախված կանթեղը, որ շատերիս աչքին անտես էր դարձել, կրկին երևաց:

Այսօր Հաց Բերող Արթուր Սարգսյանի հիշատակի օրն է: Երկու տարի առաջ ցեղասպան ու ոճրագործ նախկին ռեժիմը տանջամահ արեց նրան:

Ռեժիմը չներեց նրան և վրեժխնդիր եղավ, որովհետև նա մարդկային և ազգային բոլոր չափումներում, այդ թվում՝ բարոյական, իրավական և քաղաքական, հնարավոր կասկածներից մաքրազերծեց Սասնա Ծռերի ապստամբության լեգիտիմությունը և վերահաստատեց բռնապետության, առավել ևս՝ գաղութային բռնապետության, դեմ ապստամբելու հայի և քաղաքացու իրավունքն ու պարտականությունը:

Ցավոք սրտի, նրա մահվան մեղավորները՝ նախկին ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դեռևս ազատության մեջ են: Ի դեմս կյանքի ստվերոտ ու գաղջ ծալքերում, այդ թվում՝ իրավապահ համակարգում, դեռևս ծվարած իր մնացորդների, նախկին ռեժիմի ներկայացուցիչները շարունակում են պաշտոնավարել և իրենց ապահովագրել արդար հատուցումից:

Այդուհանդերձ, համոզված ենք, որ արդար հատուցումը վաղ թե ուշ լինելու է:

Ցավ ի սիրտ կարոտով, բայց նաև՝ քո պատգամած առաքելությամբ գոտեպնդված ու պարտավորված՝ հիշում ենք քեզ, սիրելի Հաց Բերող, մեր սիրելի Արթուր և քո բերած լույսի ջահը միշտ վառ կպահենք մեր մտքերում ու հոգիներում»: