Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակման կասկածյալ Բրենթոն Թարանթը երկու անգամ այցելել է Թուրքիա՝ հայտնում է «Անադոլուն»։

Էրդողանը հայտնել է, որ առաջին անգամ նա Թուրքիա է այցելել՝ երեք, իսկ երկրորդ անգամ՝ 40 օրով։ «Ինչպես կարող է հանցագործը, որ ապրում է աշխարհի մյուս ծայրին, այդպիսի ատելություն տածել մուսուլմանների եւ թուրքերի հանդեպ»,- հավելել է նա։

Նախագահն ընդգծել է, որ Թարանթը պետք է պատիժ կրի Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակվելու համար։ Նա նաեւ հավելել է․ «Դա զանգվածային սպանություն է, եւ հանցագործը պետք է պատժվի»։

Արեւմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Բրենթոն Թարանթը, բացի Թուրքիայից, նաեւ այլ երկրներում է եղել։

Միաժամանակ, Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի կարցերով վարչության պետ Ֆահրեթին Ալթունը Twitter-ում գրել է, որ Էրդողանը զանգել է նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փեթսի Ռեդիին։ Նրա խոսքերով, զրույցի ընթացքում նախագահը ցավակցություն է հայտնել նախօրեին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ եւ հայտարարել է, թե ահաբեկչի կողմից հրապարակված մանիֆեստը նշանակում է, որ նա միայնակ չի գործել։

Շաբաթ օրը The Times թերթը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունը հետաքննություն է անցկացնում՝ Բրիտանիայում ծայրահեղականների հետ Նոր Զելանդիայի ահաբեկչության կասկածյալի հնարավոր կապերի բացահայտման նպատակով։ Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ հրաձիգը իրեն հետեւողներին կոչ է արել սպանել Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանին։