Արգենտինայի քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությունը (ANAC) որոշում է կայացրել արգելել Boeing 737 Max-ի թռիչքները երկրի օդային տարածքում Եթովպիայի նմանատիպ ինքնաթիռի կործանումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Telam պարբերականին:

Նշվում է, որ այդ ինքնաթիռների թռիչքների արգելքի մասին որոշումն ավելի ուշ կհրապարակվի երկրի կառավարության պաշտոնական լրագրում: Ըստ պարբերականի տվյալների՝ հայտարարության մեջ ասվում է, որ շահագործման անվտանգության հարցերով ANAC-ի ստորաբաժանումը «առաջարկել է անհապաղ արգելել Boeing 737 Max 8-ի եւ 737 Max 9-ի թռիչքներն Արգենտինայի ամբողջ տարածքում մինչեւ ինքնաթիռի այդ մոդելի կործանման հետաքննության ավարտը, որի արդյունքում, հնարավոր է, այդ որոշումը չեղարկվի »:

Ավելի վաղ Aerolineas Argentinas արգենտինյան խոշորագույն ավիափոխադրողը հայտնել է Boeing 737 Max 8 ինքնաթիռների շահագործման ժամանակավոր դադարի մասին Եթովպիայում այդ տիպի ինքնաթիռի կործանման հետեւանքով: Նեյկայումս ավիաընկերության պարկում կա այդ տիպի 5 ինքնաթիռ:

Մարտի 10-ի առավոտյան Ethiopian Airlines ընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը կործանվել է եթովպական Դեբրե-Զեյթ քաղաքի մոտակայքում. ինքնաթիռում գտնվել է 157 մարդ՝ ներառյալ անձնակազմի 8 անդամները: Զոհվել են 35 երկրների քաղաքացիներ: Դա տվյալ մոդելի ինքնաթիռների մասնակցությամբ երկրորդ աղետն է վերջին հինգ ամիսների ընթացքում. 2018 թվականի հոկտեմբերի 29-ին կործանվել էր Lion Air ինդոնեզական ավիաընկերության օդանավը:

Վերջին աղետի հետեւանքով մի շարք արտասահմանյան երկրներ եւ ավիաընկերություններ դադարեցրել են Boeing 737 Max 8-ի թռիչքները: