Կիրակի առավոտյան Թաիլանդում եւ արտերկրում՝ Թագավորության դեսպանատներում, մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը, որը կավարտվի ժամը 17.00-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ըստ Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալների՝ երկրում քվեարկությանը կմասնակցի ավելի քան 2.6 մլն մարդ, իսկ ամբողջ աշխարհում՝ Թաիլանդի դեսպանատներում՝ ավելի քան 120 հազար մարդ:

Երկրի տարածքում քվեարկողների մեծամասնությունը Թաիլանդի քաղաքացիներն են, որոնք չեն կարողանա քվեարկել ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 24-ին, արտերկիր մեկնելու պատճառով, ինչպես նաեւ այն քաղաքացիներն են, որոնք բնակվում են Թաիլանդում, սակայն տվյալ հասցեում գրանցված չեն, ՌԻԱ Նովոստի-ին պարզաբանել են վաղաժամ քվեարկության ընտրատեղամասում, որը տեղակայված է Բանգկոկի Ազգային Էներգետիկ համալիրի շենքերից մեկում:

Նշվում է, որ քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 5-ին, այնուհետեւ ընտրահանձնաժողովը ստացված բոլոր քվեաթերթիկները կփոխանցի ոստիկանության բաժանմունք պահվելու նպատակով: Այսօրվա քվեաթերթիկների հաշվարկը տեղի կունենա մարտի 24-ին մնացած քվեաթերթիկների հետ միասին: