ԱՄՆ-ի պարտքերի անդադար աճի հիմնական մեղավորը երկրի ռազմարդյունաբերական համալիրն ու ոչ կոմպետենտ կառավարությունն է, գրում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Ռեզերդորֆի Ինստիտուտի ղեկավար, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Ջոն Ուայթհեդի հոդվածին, որը հրապարակվել է CounterPunch-ում:

«Վերջիվերջո ռազմական գերտերություններն անխուսափելիորեն վախճան են ապրում՝ չափազանց մեծ ձգտումներ ունենալով եւ մինչեւ վերջին ցենտը ծախսելով… Ամերիկյան կայսրությունն արդեն քայքայվում է»,-հայտարարել է Ուայթհեդը՝ շեշտելով, որ երկիրը «շուտով կհայտնվի ճգնաժամային իրավիճակում»:

Նրա խոսքերով՝ կոռումպացված պաշտոնյաները, այդ թվում՝ ամերիկյան պաշտպանության նախարարությունը, շարունակում են ավելի շատ ֆինանսավորում պահանջել ռազմական կարիքների համար, ընդ որում՝ իրականում գումարների զգալի մասը ծախսվում է ազգային անվտանգության ապահովման հետ որեւէ կապ չունեցող գնումների համար:

Որպես օրինակ՝ Ուայթհեդը նշում է Open the Government կազմակերպության ներկայացրած տվյալները, համաձայն որոնց՝ պաշտպանության նախարարության վերջին ձեռքբերումների ցանկում 53 հազար դոլար արժողությամբ ճենապակյա սպասք է, 9 հազար դոլար արժողությամբ կաշվե բազմոց, ոգելից խմիչքներ՝ 308 հազար դոլար ընդանուր արժեքով, ինչպես նաեւ օմարներ եւ ծովախեցգետիններ՝ 4.6 մլն դոլարով:

Ինչպես նշում է հեղինակը՝ ԱՄՆ-ի կառավարությունը ծախսում է ավելի շատ, քան ստանում է հարկերից, որի հետեւանքով ստիպված է մեծ պարքեր կուտակել այլ երկրներից: Ընդ որում՝ ստացված միջոցների մեծ մասն իշխանությունները գերադասում են ծախսել պետինստիտուտներ ֆինասնավորելու եւ «ամբողջ աշխարհում անվերջ պատերազմներ վարելու», այլ ոչ առողջապահության եւ կրթության համար:

Այսպես, 2001 թվականից սկսած՝ ԱՄՆ-ը ծախսել է արտերկրում պատերազմների համար 4.7 տրիլիոն դոլար, իսկ 2053 թվականին ռազմական ծախսերի ծավալը կավելանա՝ հասնելով 12 տրիլիոն դոլարի, գրում է Ուայթհեդը: Միեւնույն ժամանակ երկրի պարտքն աճում է ժամում 32 մլն դոլարով, իսկ կառավարությունը ծախսում է Իրաքում 5 վայրկյանի ընթացքում ավելի շատ, քան միջին վիճակագրական ամերիկացու տարեկան աշխատավարձն է: