Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչները այսօր՝ մարտի 17–ին, փակել են Երևան–Վանաձոր միջպետական ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Գեղարոտ գետի վրա գործող 2 ՀԷԿ–երի աշխատանքը։

NEWS.am–ի հետ զրույցում Արագած համայնքի վարչական ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը նշեց, որ 4 ամիս առաջ գյուղի բնակիչների պահանջով ՀԷԿ–երի աշխատանքը դադարեցվել էր, նախօրեին նորից սկսել են աշխատել։

Ըստ նրա, արդեն 8 տարի շահագործվող ՀԷԿ–երը խնդիր են առաջացնում. եթե նախկինում ոռոգման ջուրը գյուղը ստանում էր գետից, և այն մաքուր էր, ապա այժմ ստանում է խողովակներով, ինչը վատացրել է ջրի որակը. ջուրը չի ֆիլտրացվում։

Հենրիկ Հովհաննիսյանը նշեց, որ ինքը ժողովրդի կողքին է որպես վարչական ղեկավար և միանում է նրանց պահանջին։ Ճանապարհը փակած գյուղացիներն այժմ սպասում են մարզպետ Դավիթ Գևորգյանին, որը, գյուղապետի խոսքով, արդեն ճանապարհին է։

«Շուտով մարզպետը տեղ կհասնի, որոշում կկայացվի»,– ասաց Հենրիկ Հովհաննիսյանը։