Կառավարության ծրագրում անցումային արդարադատության մասին ոչ մի բառ չկա, բայց երբ հանդիպում ու զրուցում ես լրագրողների հետ, հասկանում ես, որ բոլորը հենց միայն այդ մասին են խոսում: Այս մասին մարտի 19-ին ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Պատգամավորը, մասնավորապես, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, ի՞նչ է «անցումային արդարադատությունը», եւ ինչո՞ւ դրա մասին դրույթը չի ներառվել Կառավարության ծրագրում:

Զեյնալյանը հավաստիացրեց, որ անցումային արդարադատության նպատակը հասարակության հաշտեցումն է եւ իրավունքների վերականգնումը: «Այս փուլում այդ հարցը քննարկվում եւ վերլուծվում է: Կան միջազգային փաստաթղթեր, կա միջազգային փորձ, մենք դրանք ուսումնասիրում ենք, բայց ես կարող եմ նաեւ ասել, որ անցումային արդարադատության տարր կարող է դիտարկվել նաեւ Հայաստանում անցկացվող վարչական ու քրեական համաներումը»,- ասաց Արտակ Զեյնալյանը: