Վարչապետին սպասարկող ուղղաթիռն ու ինքնաթիռը մետաղական ջարդոնի չվերածվելու համար պարտավոր են ժամանակ առ ժամանակ օդ բարձրանալ։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և իր ընտանիքի անդամների ուղևորությունների և ճոխ ծախսերի մասին հնչող քննադատություններին։

«Մեր իրականության մեջ մի նոր սիմվոլ է հայտնվել՝ ուղղաթիռը։ Ես ուզում եմ մի վատ լուր ասել ուղղաթիռի հարցով մտահոգ մեր բոլոր մարդկանց: Այդ ուղղաթիռը, որ վարչապետի ծառայողական ուղղաթիռն է, ունի պարտադիր թռիչքային ժամեր: Սա նշանակում է, որ այդ տեխնիկան չվերածվի մետաղի ջարդոնի, ինքն ունի պարտադիր թռիչքային ժամեր: Եթե նույնիսկ վարչապետը չի նստում այդ ուղղաթիռը, այն պարտավոր է դատարկ օդ բարձրանալ, գնալ, Ստեփանակերտով, Վարդենիսով բանով պտտվել գալ: Նույնը վերաբերում է ինքնաթիռին:

Երկրորդը, կա վարչապետի ծառայողական ավտոմեքենա: Իմիջիայլոց, ես հիմա շրջում եմ մի մեքենայով, որը 2008 թվականին գնվել է Սերժ Սարգսյանի համար, եւ որը Սերժ Սարգսյանի կողմից վերջին 3 տարին չի օգտագործվել, որովհետեւ համարվել է, որ պիտանի չէ օգտագործման համար: Կա մի հատ էլ BMW ավտոմեքենա, որը գնվել է Ռոբերտ Քոչարյանի համար, երբ ինքը պաշտոնավարել է։ Հեծանիվով եմ գնում, ասում են՝ հեծանիվով է գնում, ոտքով եմ գնում, ասում են՝ պոպուլիստ է, մեքենայով եմ գնում, ասում են՝ ինչի՞ է մեքենայով գնում»,– ասաց Փաշինյանը: