Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատը պատրաստ է օգնել հայ եւ հույն գործարարներին հաջող կազմակերպել իրենց բիզնեսը։ Այս մասին մարտի 19-ին Հայ-հունական բիզնես-համաժողովի բացման ժամանակ ասել է Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը եւ Հունաստանը տնտեսական ոլորտում մեծ ներուժ ունեն, բայց այն գրեթե չի օգտագործվում։

«Հայաստանն այսօրվա դրությամբ հիանալի հնարավորություն ունի իր հույն գործընկերների հետ դուրս գալու երրորդ երկրներ։ Իսկ եթե մենք նշենք նաեւ, որ մենք GSP եւ GSP + ռեժիմների միջոցով հնարավորություն ունենք դուրս գալու նաեւ այլ շուկաներ, ապա դա կարող է մեծ խթան հանդիսանալ մեր հույն գործընկերների համար, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում եւ տարբեր տեսակի ապրանքներ արտահանեն երրորդ երկրներ»,- պարզաբանել է Ալեքսանյանը։