Հայ-հունական բիզնես համաժողովը սկիզբ կդնի հարաբերությունների զարգացմանը: Մարտի 19-ին Երեւանում հայ-հունական բիզնես համաժողովի բացմանն այս մասին ասաց Հունաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր խորհրդի անդամ, բիզնես խորհրդատվությունների բաժնի ղեկավար Դիմիտրիս Դիմիտրիուսը:

Նա, մասնավորապես կարեւոր է համարում լրացնել երկու երկրների տնտեսականա հարաբերություններում ծագած բացերը:

«Մեր երկրների միջեւ քաղաքական եւ կրոնական հարաբերությունները բավականին ամուր են, դրա համար ես վստահ եմ, որ մենք իսկապես լավ դիվանագիտական հարաբերություններ ունենք:

Այնուամենայնիվ, տնտեսական համագործակցությունը բացակայում է եւ հետ է մնում մեր իրական ներուժից: Ներկայումս մեր երկրների միջեւ առեւտրի ծավալը բավականին ցածր է, դրա համար մենք պետք է որոշակի քայլեր ձեռնարկենք: Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել եւ դա մեր շահերից է բխում», - նկատեց նա:

Հունաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչի խոսքով՝ Երեւանում անցկացվող հայ-հունական համաժողովը հայկական բիզնես համայնքին բացառիկ հնարավորություն կներկայացնի ծանոթանալ իրենց հույն գործընկերների, ինչպես նաեւ հունական արտադրանքի հետ: