Մարդիկ ասելիք ունեն եւ ասում են։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երկրի տարբեր հատվածներում ամեն օր ընթացող բողոքի տարբեր ցույցերի մասին։

«Հիմա քաղաքացին սուբյեկտ է, եւ ինքը գիտի, որ սուբյեկտ է։ Պատկերացրեք՝ ջրի ամբարտակ՝ բռնաճնշումների, ռեպրեսիաների եւ կոռուպցիայի ամբարտակ, որը մարդկանց անընդհատ զսպել է։ Հիմա այդ ամբարտակը հեղափոխությունը ջարդուփշուր է արել եւ կուտակվածը հեղեղել է Հայաստանը, որովհետեւ մարդը զգացել է, որ ինքը սուբյեկտ է»,–նշեց նա։

Փաշինյանը շեշտեց՝ այդ բողոքի ցույցերի մեջ ոչ մի բացասական բան ինքը չի տեսնում. «Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսել,  ընդհակառակը՝ սա մարդու ինքնազգացողության փոփոխություն է։ Մարդն անընհատ լարման մեջ է, մտածում է՝ կարո՞ղ է այդ իրավունքը նորից մեզանից վերցնեն։ Մարդիկ ասելիք ունեն եւ ասում են։ Իհարկե, շատ դեպքերում իմ կոչն է, որ այդ ասելիքն ասվի այլ քաղաքացիների հարգմամբ»։

Նա վստահ է՝ նախորդ իշխանության ներկայացուցիչները չեն կարող ժողովրդին ոտքի հանել։ «Եթե նման փորձեր արվեն, ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր»,–հավելեց նա։