2018 թվականը պետական եկամուտների առումով հեշտ տարի չի եղել: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, իր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, ըստ էության, չհերքեց մամուլի հրապարակումները, թե տարեվերջին ՊԵԿ-ը դժվարություններ է ունեցել եկամուտներ հավաքագրելու հարցում, որոշ գումարում-հանումների գործողություններ է արել, որպեսզի ապահովի կատարողականը:

«Այո, եղել են բազմաթիվ թերություններ, խնդիրներ, որոշ բացթողումներ էական, ունեցել ենք շատ բարդ քննարկումներ տարբեր ձեւաչափերով:

Այո, նախորդ տարի մենք խնդիրներ ենք ունեցել, բայց այդտեղ ունեինք երկու հետեւություն. Կամ ասում էինք՝ գնանք լուծումների, որոնք նույնիսկ կարող էին պոպուլյար լինել, բայց կար նաեւ տարբերակը՝ հասկանալ իրավիճակը, նաեւ այս ընթացքում կուտակված փորձի միջոցով նոր կանոններ հաստատել եւ նոր մեխանիզմներ ներդնել, որոնք կլինեն դրական բոլորի համար՝ եւ պետության, եւ գործարարների, եւ պետեկամուտների հավաքագրման համար: Պետք է ասեմ, որ հիմա մենք այդ առումով շատ լավ վիճակ ունենք:

Հիմա ունենք բացարձակապես ուրիշ իրավիճակ: Ես հիմա տեսնում եմ հստակ, որ ՊԵԿ-ի աշխատանքի որակը, արդյունավետությունը եւ ցուցանիշները փոխվել են: Չեմ ուզում առաջ անցնել, համենայնդեպս ՊԵԿ-ի ղեկավարության հետ պայմանավորվածությունը եղել է հետեւյալը, որ մենք եկամուտների հավաքագրման առումով այս տարին շատ բարձր տրամադրությամբ են անցկացնելու եւ դա չի լինելու բիզնեսի վատ տրամադրության հաշվին»,-հայտարարեց վարչապետը:

Նիկոլ փաշինյանը նաեւ նկատեց, որ այստեղ կարեւոր է որակյալ աշխատուժի խնդիրը. «Երբ ես իմանում եմ, որ մաքսային տեսուչն ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ, հասկանում ենք չէ՞, որ այստեղ ունենք խնդիրներ: Միլիոնավոր դոլարների ապրանք բաց թողնող պաշտոնյան ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ: Ես մնում եմ այն կարծիքին, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ պետությունը բարձր որակի ծառայություններ մատուցի: Դրա համար պետք է այդ ծառայությունները մատուցեն բարձր որակավորում ունեցող մարդիկ, իսկ այդպիսի մարդկանց պետական համակարգ բերելու կամ պահելու համար պետք է որոշակի վարձատրության հետ կապված լուծումներ ունենանք:

Սա չի արվում մաքսային տեսուչի համար, սա արվում է նաեւ թոշակառու մարդու համար, որ նա իր թոշակն ստանա, թեկուզ այս փուլում քիչ: Արվում է նրա համար, որ թոշակը բարձրանա, աշխատավարձը բարձրանա»:

Նա ընդգծեց, որ այո, անթերի չի եղել իրենց աշխատանքը, տեղ-տեղ պրոբլեմատիկ է եղել. «Բայց մենք դրա արդյունքում էական որակական փոփոխություն ենք ունեցել»: