Հայաստանը համացանցի օգտատերերի թվով տարածաշրջանում համարվում է առաջատար երկրներից մեկը, բայց չնայած դրան, երկրում ոչ կանխիկ գործարքների ծավալը շարունակում է փոքր մնալ: Այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Բանկերի միության նախագահ Արտակ Անեսյանը:

Նրա խոսքով՝ 2018 թվականին Հայաստանում բանկային գործողությունների ամբողջ ծավալից գործարքների միայն մոտ 20 տոկոսն է եղել ոչ կանխիկ, իսկ մնացյալ 80 տոկոսը՝ կանխիկ: Ըստ Անեսյանի՝ հայ հասարակության շրջանում դեռեւս տարածված են կանխիկ փողով գործարքները, չնայած ոչ կանխիկ վճարումն ավելի պարզ է եւ անվտանգ: «Անհրաժեշտ է փոխել այս կարծրատիպերը եւ մարդկանց ցույց տալ, որ ոչ կանխիկ գործարքներն ավելի հարմար են ու հուսալի, ավելին՝ կորուստների դեպքում կարող է փոխհատուցում լինել»,- շեշտեց Անեսյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մի շարք մկիջոցառումներ ձեռնարկել, որոնք կնպաստեին երկրում ոչ կանխիկ գործարքների աճին, որպեսզի գործարքների ընդհանուր թվում դրանց տոկոսը աճի 20-ից մինչեւ 80: Առավել եւս, որ ոչ կանխիկ գործարքները առավել պարզ ու հարմար են դառնում. այսօր արդեն անգամ պետք չէ քարտը հետը ունենալ՝ կարելի է վճարել հեռախոսի միջոցով:

Հայաստանի Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ 2018 թվականին Հայաստանի բոլոր բանկերում իրականացվել է 30 110 602 կանխիկ գործարք, ինչը 19,3 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին, իսկ ոչ կանխիկ գործարքների թիվը կազմել է 18 014 158՝ աճը կազմել է 63,8 տոկոս: Կանխիկ գործարքների ծավալը կազմել է 1 536,5 մլրդ դրամ (աճը՝ 17,5 տոկոս), իսկ ոչ կանխիկ գործարքների ծավալը՝ 395,9 մլրդ դրամ (աճը՝ 47,2 տոկոս):

Սեյրան Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանում այսօրվա դրությամբ ներկայացված են բոլոր միջազգային վճարային համակարգերը, իսկ վճարային քարտերի ընդհանուր քանակությունը կազմել է 2 024 070՝ 309 հազարով (18 տոկոսվ) ավելի, քան 2017-ին: Այս քարտերի օգտագործմամբ կատարվել է 1,9 տրլն դրամի 48 մլն գործողություն: