Մենք գիտենք, որ մամուլի ազատությանը չի կարելի կպնել, մամուլի դեմ հետապնդումներ չի կարելի անել. մենք հիմա աշխատում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի Հայաստանում մամուլի աջակցության հիմնադրամ ձեւավորվի՝ կառավարությունից անկախ: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, իր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բյուջեի միջոցներով չենք անում, որովհետեւ կստացվի, որ ուզում ենք վերահսկողության տակ վերցնել լրատվամիջոցներին: Ուզում ենք չեզոք գործընկերների ներգրավելուվ Հայաստանում մամուլի աջակցության հիմնադրամ ստեղծել, որ այդ հիմնադրամը որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերի լրատվամիջոցներին»,-ասաց նա:

Մասնավորապես, «Հրապարակ»-ի լրագրողը նկատեց, որ իշխող ուժը ներկայացնող խմբակցության անդամներից շատերը հանդես են գալիս մամուլի դեմ հայտարարություններով, բաժանումներ են անում իշխանական մամուլի, սիրելի մամուլի, իրենց համար ոչ սիրելի կամ հակահեղափոխական մամուլի:

«Պատգամավոր Լուսինե Բադալյանն իր գրառման մեջ լրատվամիջոցների ցանկ էր առանձնացրել, կոչ էր անում հարցազրույց չտալ այլ լրատվամիջոցների: Ինչպե՞ս եք սա գնահատում, երբ դուք էլ երբեմն ձեր ուղիղ եթերներում առանձին լրատվամիջոցների եւ հրապարակումների քննադատաբար անդրադառնում ենք»,-հարց ուղղեց լրագրողը:

Փաշինյանը ասաց, որ նշված գրառումն ինքը չի տեսել և Լուսինե Բադալյանի գրառումը մեկնաբանելու փոխարեն խոսեց ֆեյք նյուզերի մասին։ «Այսօր ամբողջ աշխարհում կա «ֆեյք նյուզի» հետ կապված գլոբալ խնդիրը: Դա վերաբերում է ամբողջ աշխարհին, հատկապես քաղաքակիրթ աշխարհին, որտեղ չկա ինտերնետի ցենզուրա: Շատ դեպքերում, երբ կան քաղաքական սահմանափակումներ, մենք չենք կարող մամուլի ազատության դեմ որեւէ բան անել, բայց նաեւ մարդիկ չեն կարող լրիվ անպաշտպան մնալ: Իրենք իրենց պաշտպանելու ինչ-որ ձեւեր են գտնում: Դա ոչ թե արշավ է մամուլի դեմ, այլ գործընկերության հրավեր է, որ եկեք փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձեւավորենք, նորմալ իրար հետ աշխատենք: Ես այդպես եմ ընկալում»:

Դիտարկմանը, որ երբ կոչ են անում լրատվամիջոցներին հարցազրույց չտալ, առանձնացնում են լրատվամիջոցներին, արդյոք դա գործընկերայի՞ն մոտեցում է, և ինչպե՞ս է լինում, որ հեղափոխությունը լուսաբանած, նախկին իշխանություններին քննադատած լրատվամիջոցները այսօր հայտնվում են նոր իշխանությունների թիրախում, վարչապետն արձագանքեց. «Դե որովհետեւ հեղափոխությունից հետո լրատվական դաշտում մեծ առուծախի պրոցես է տեղի ունեցել, դուք դրանից տեղյակ չե՞ք:

Ես ձեր ասած վերջին գրառումները չեմ տեսել, բայց համարում եմ, որ ձեր բարձրացրած մտահոգությունը լեգիտիմ մտահոգություն է, բայց իմ ասածն այն է, որ այս ամենից հետո պետք է արձանագրենք, որ խնդիր կա: Հիմա մենք ուզում ենք այդ խնդիրը իրար հետ լուծե՞նք, թե չենք ուզում: Թե՞ պետք է շարունակենք այդ ռեժիմը, որ մեկ լրատվամիջոցներն են քաղաքական գործիչներին բոյկոտում, մեկ՝ հակառակը: Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է լուծվի երկխոսության միջոցով, կոնսենսուսային դաշտ ձեւավորելու միջոցով:

Որեւէ մեկը կասկած չունենա, որ մամուլի ազատության հետ կապված Հայաստանում որեւէ պրոբլեմ չի լինելու: Ուզում է՝ բոլոր լրատվամիջոցները մեկ սեփականատեր ունենա, մենք հակամամուլային գործողություն չենք անելու, բացառությամբ այն դեպքերի, երբ ուրիշ հարցեր կծագեն: Օրինակ, կարող է օրենքի կոպիտ խախտում լինի, որը չենք կարող չարձագանքել:

Օրինակ, տեսանք, որ քրգործ է հարուցվել նախաքննական նյութեր հրապարակելու կապակցությամբ: Էդ էլ «լավ է», որ քրգործը հարուցված է մի լրատվամիջոցի նկատմամբ, որի գլխավոր խմբագիրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: Հակառակ դեպքում, պատկերացնում եք, թե ինչ աղմուկ կլիներ:

Առանձին վերցրած պատգամավորը, վարչապետը, լրատվամիջոցը այդ հարցի լուծումը չունի: Հերիք է, ինչքան հակամարտության կանխավարկածով ենք գնում, որովհետեւ իրականում հակամարտության հարց չկա»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ երբ վերջերս խմբագրությունների կողմից վարձակալության խնդիր էր եղել, իրեն տեղեկացրել էին, որ մամուլում քննարկվում է, որ դա վարչապետի վրեժն է մամուլից. «Ժողովուրդ ջան, խնդրում եմ, եկեք դուրս գանք այդ տրամաբանությունից, դա սխալ ընկալում է, այդպես չէ իրականությունը: Ես որեւէ մեկից ոչ վրեժխնդիր եմ եղել, ոչ էլ դրա անհրաժեշտությունն ունեմ: Եթե վրեժխնդիր լինելու հարց լիներ, դրա համար ամենահարմար պահը, առիթը, զրո խոչընդոտ... Վրեժխնդիր լինելու համար էնքան գործիք կա, 5 րոպեում կարելի էր բոլորից վրեժխնդիր լինել, եթե նման նպատակ լիներ»:

Նշենք, որ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն օրերս ֆեյսբուքյան գրառում էր արել, որ կոչ էր արել դիտել միայն «Ազատություն» և Հանրային հեռուստատեսություն, կարդալ միայն «Հայկական ժամանակ»։ Հնչած քննադատություններից հետո պատգամավորը մի քանի անգամ խմբագրել էր իր գրառումը։