Գուցե ես մի քիչ շատ եմ սիրում այլաբանություններով խոսել եւ երբեմն այլաբանության եւ իրականության սահմանը շատ հստակ չի: Ահա այսպես իր մեծ ասուլիսի ժամանակ պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի հիշեցմանը, որ ինքը վարչապետ ընտրվելուց հետո հայտարարել էր, որ նախկինում նախկին գործարարները Բաղրամյան 26 ճամպրուկներով փողեր են տարել:

Լրագրողը նաեւ նկատեց. «Այդպես էլ չհասկացանք ովքեր են տարել, որքան են տարել, ում են տարել: Եթե հենց Սերժ Սարգսյանին են տվել, ինչու դրա համար նա պատասխանատվության չի ենթարկվում: Գործարարները իրենց կամքո՞վ են տվել, թե պարտադրանք է եղել»:

Ի պատասխան Փաշինյանը նշեց. «Հայաստանում կոռուպցիա է եղել, ՀՀ իշխանությունը կոռումպացված է եղել: Ենթադենք այդ կոռուպցիան երբեմն եղել է ճամպրուկով, երբեմն եղել է դրասմական փոխանցումով: Հանճարեղ է պետք լինել, որ բանկից բանկ փող փոխանցեն: Ինչքան պետք է վստահ լինեն իրենց վրա, որ առաջիկա 100 տարում իրենք են իշխանությունը, որ բանկից բանկ փող փոխանցեն:

Այդ հարցը շատ են տալիս՝ բա ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չի, ու այդ հարցն ինձ է ուղղված: Ես չեմ որոշում՝ ով նստի, ով չնստի: Քրեական գործի նախաքննությունն է որոշում՝ ով նստի, ով չնստի: Սա շատ կարեւոր նրբություն է: Քրեական գործեր կան, որ պետք է քննվեն. Եթե պետք է ինչ-որ մեկը նստի՝ կնստի, եթե պետք է  ինչ-որ մեկը պետք է չնստի՝ չի նստի»:

Վարչապետն ընդգծեց, որ հիմա ասում են՝ մի շարք քրեական գործերով քաղաքական հետապնդում է իրականացվում. «Ես դրան պատասխանում եմ՝ ես հիմա մեկ տարի կլինի վարչապետ եմ, ենթադրենք ինչ-որ մի ժամանակ վարչապետ եմ լինելու: Իմ հայտարարագիրը հրապարակված է, բոլորդ կարող եք տեսնել, թե ես, իմ ընտանիքի անդամները վարչապետ լինելու պահին ինչ գույք ենք ունեցել:

Հիմա նրանք, որոնք որոշ դեպքեր անվանում են քաղաքական հետապնդում, նրանք ասում են՝ նորմալ կլինի, եթե 1-2 տարի հետո պարզվի, որ ենթադրենք, իմ որդին միլիոնատեր է: Նրանք դա են ասում. Որ ենթադրենք 3 տարի, 5 տարի հետո իմ որդին ճամպրուկով տանի մի հատ բանկ, ասի՝ հաշվեհամար բացեք, 27 մլն դոլար եմ բերել, դնեմ իմ հաշվին: Դա նորմալ բան է: Այդպես են մեկնաբանում այն մարդիկ, որոնք որոշ դեպքեր անվանում են քաղաքական հետապնդում: Չի կարող լինել այդպիսի բան»: