Երեքշաբթի Իրանի հարավային Բենդեր Աբաս քաղաքում, Շահիդ Ռաջայի նավահանգստում նավ է շրջվել, անձնակազմի երեք անդամ տուժել է, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Mehr գործակալությանը։

Գործակալության տվյալներով՝ 90 մետրանոց նավը տեղափոխում էր իրանական հանքանյութերով եւ արդյունաբերական ապրանքներով 153 կոնտեյներ, այդ թվում՝ կալիումի քլորիդ, կալցիումի կարբոնատ, պղնձի խտանյութ։

Հորմոզգանի նահանգի  նավահանգիստների եւ ծովագնացության կազմակերպության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ալլահ Մորադ Աֆիֆիպուրը Mehr գործակալությանն ասել է, որ տուժել է երեք մարդ, նավի վրա ընդամենը 14 մարդ է եղել։ Նրանք բոլորն էլ օտարերկրյա քաղաքացիներ են։ Նա հավելել է, որ միջադեպի պատճառները հետաքննվում են։

Գործակալությունը նաեւ տեղեկացնում է՝ հղում կատարելով աղբյուրին, որ միջադեպի պատճառ կարող էր լինել նավի աշխատակցի եւ բեռնման ու բեռնաթափման համար պատասխանատու ընկերության միջեւ համակարգման անբավարարությունը։

Այնինչ, IRNA գործակալությունը, հղում կատարելով տեղեկացված աղբյուրին, տեղեկացնում է, որ նավը խորտակվել է։