Գերմանիայում մեկնարկել է բջջային ցանցերի հինգերորդ սերնդի՝ 5G-ի ենթակառուցվածքի շինարարության աճուրդ։ Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Յոահիմ Հոմանը մարտի 19-ին Մայնցում խորհրդանշականորեն սեղմել է վայրկենաչափի կոճակը, որն օգտագործվել էր դեռեւս 2000 թվականին, տեղեկացնում է DW-ն։

Այն ժամանակ բջջային հաճախականությունների վաճառքի առաջին խոշոր աճուրդը դաշնային գանձարանին 51 մլրդ եվրո բերեց։ Ներկա աճուրդը շատ ավելի քիչ շահույթ կբերի. փորձագետները 3-5 մլրդ եվրո են նշում, ինչպես եւ 2010 եւ 2015 թվականների աճուրդների ժամանակ։ Ստացված միջոցները Բեռլինը նախատեսում է ծախսել թվայնացման վրա։

Մասնակից ընկերությունների առջեւ դրված պայմանները բավական կոշտ են։ Նրանք պետք է խոշոր միջոցներ ներդնեն ռադիոկայմերի կառուցման համար, որպեսզի կատարեն առաջադրված պահանջները։ Ճառագայթման պաշտպանության դաշնային գերատեսչությունը (Bundesamt für Strahlenschutz) պնդում է, որպեսզի անցկացվեն լրացուցիչ հետազոտություններ՝ պարզելու համար ավելի բարձր ռադիոհաճախականությունների  կիրառման հետեւանքները մարդկանց առողջության համար։

2022 թվականի վերջին բարձր արագությամբ ինտերնետով կապահովվի Գերմանիայի տնային տնտեսությունների 98 տոկոսը։ Աճուրդը կտեւի երեք շաբաթ։ Մասնակցում են Deutsche Telekom-ը, Vodafone-ը եւ Telefonica-ն (O2), ինչպես նաեւ Drillisch-ը՝ United Internet կոնցեռնի դուստր ընկերությունը Ռեյնլանդ Փֆալց երկրամասից։

Աճուրդը տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ Գերմանիայի տարաձայնությունների ֆոնին, որը զգուշացնում է Գերմանիային չներգրավել ենթակառուցվածքի շինարարությանը չինական Huawei կոնցեռնին։  Վաշինգտոնն արդեն զգուշացրել է Բեռլինին, որ ԱՄՆ-ը կդադարեցնի համագործակցությունը Գերմանիայի հատուկ ծառայությունների հետ, եթե Բեռլինը ներգրավի Huawei-ին, որին ամերիկացիները կասկածում են լրտեսության մեջ։