Մենք չենք սահմանափակվի միայն Օպերայի շենքի շրջակա տարածքով: Մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք շարունակություն կունենա քաղաքապետարանի՝ սրճարանների տարածքների հաշվին քաղաքի կանաչապատման նախաձեռնությունը:

Քաղաքապետի խոսքով՝ բոլոր գործընթացները փուլ առ փուլ կկատարվեն, որպեսզի տնտեսվարող  սուբյեկտները վնասից խուսափելու հնարավորություն ունենան:

 «Ինձ համար միեւնույն է, թե ում է պատկանում այս կամ այն շենքը կամ կառույցը: Մենք միայն իրականացնում ենք նախագիծը», - վստահեցրեց Մարությանը:

Խոսելով տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին՝ նա վստահություն հայտնեց, որ  «ամեն ինչ կազմակերպված  սկսվեց, նույնքան կազմակերպված էր ավարտվեց»:

Մարությանը խոստովանեց, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է գտնել:

«Ինչպե՞ս է ստացվել, որ ինչ-որ կառույցներ նվիրվել են որոշակի անձանց: Ինչպե՞ս է ստացվել, որ Դավիթաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների շենքերի կեսը պատկանում են որոշակի անձանց, այլ ոչ թե Երեւանի համայնքին: Կան գրադարաններ, որոնք չեն պատկանում համայնքին», -նկատեց նա:

Քաղաքապետը հավելեց, որ այդ բոլոր դեպքերով իրենք դիմել են իրավապահ մարմիններին: