ԱՄՆ-ն Ռուսաստանին եւ Չինաստանին մեղադրել է տիեզերքում կոնֆլիկտների ռիսկերի մեծացման մեջ: Մասնավորապես՝ հակաարբանյակային զենքի մշակման ճանապարհով, փոխանցում է AFP-ն:

Ժնեւում փակ դռների հետեւում բանակցություններ են ընթանում 25 կառավարությունների փորձագետների մասնակցությամբ, ներառյալ ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի, որոնք ուղղված են տիեզերական տարածությունում սպառազինության մրցավազքի կանխման համար իրավաբանորեն պարտավորեցնող տեքստի հիմքի ստեղծմանը:

ՄԱԿ զինաթափման համաժողովում ելույթ ունենալիս ԱՄՆ փոխպետքարտուղար Իլեմ Փոբլեթեն հարց է հնչեցրել՝ բանակցություններին որքա՞ն անկեղծորեն են հավատարիմ Չինաստանն ու Ռուսաստանը. «Մենք ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում տիեզերական տարածությունում սպառազինության մրցավազքի կանխմանը, երբ մշակում է ցամաքային բազավորման հակաարբանյակային զենք»:

Նա Ռուսաստանին մեղադրել է նաեւ լազեր մշակելու փորձերի մեջ, որոնք կկարողանային «արբանյակները կուրացնել կամ վնասել»:

Չինաստանին դիմելով՝ նրան մեղադրել է մի շարք հակաարբանյակային հնարավորությունների մշակման մեջ, ներառյալ խլացուցիչներ եւ ցամաքային բազավորման հրթիռներ, որոնք նախատեսված են «ցածր մերձերկրային ուղեծրով արբանյակներին» թիրախավորելու համար:

«Սա հաշվի առնելով՝ դժվար է որոշել Չինաստանի մտահոգությունների անկեղծությունը՝ կապված տիեզերքում սպառազինության մրցավազքի կանխման հետ»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել նոր ռազմական ստորաբաժանում ստեղծել, որը կզբաղվի բացառապես տիեզերքով: Պենտագոնը Կոնգրեսին առաջարկ էր ներկայացնելու այս ամսվա սկզբին: