Հայ իրավապաշտպանները եւ ակտիվիստները, որոնց թվում՝ նաեւ Հայաստանի արեւմտամետ ուղեգծի կողմնակիցներ, մարտի 19-ին բողոքի ցույց են անցկացրել Երեւանում Իրանի դեսպանատան առջեւ՝ ի նշան աջակցության իրանցի իրավապաշտպան Նասրին Սոթուդեի, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Ցույցին մասնակցել է մոտ 20 մարդ, նրանց մեջ կային նաեւ ուսանողներ։ Նրանք բերել էին պաստառներ՝ պահանջելով ազատ արձակել իրավապաշտպանին եւ դադարեցնել «կանանց հետապնդումները հիջաբ կրելուց հրաժարվելու պատճառով»։ Ակտիվիստները նաեւ փորձել են դեսպանության աշխատակիցներին բողոքի նոտա փոխանցել Սոթուդեի դատավճռի առիթով, բայց դեսպանատնից ոչ ոք դուրս չի եկել։ Արդյունքում՝ ակտիվիստները ստիպված են եղել սքոչով ամրացնել իրենց պաստառները դեսպանատան հարակից փողոցում, քանի որ պահապանները թույլ չեն տվել դա փակցնել դիվանագիտական ներկայացուցչության շենքին։

Նշենք, որ Թեհրանի Հեղափոխական դատարանը իրանցի իրավապաշտպան Նասրին Սոթուդեին մեղավոր է ճանաչել հակապետական քարոզչություն տարածելու, լրտեսության եւ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար, այաթոլա Ալի Խամենեիին վիրավորելու համար։ Դատավճռի կայացման պահին Սոթուդեն արդեն հինգ տարի բանտարկության մեջ էր գտնվում։