2018 թվականին բանկային համակարգով Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 786 մլն դոլար՝ այն դեպքում, երբ Հայաստանից արտասահման փոխանցումները կազմել են 1 մլրդ 188 մլն դոլար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 2017 եւ 2018 թվականներին արտասահմանից բանկային փոխանցումների ծավալի աճ է գրանցվել, սակայն 2013 թվականի ցուցանիշներից առայժմ հեռու է (ԿԲ տվյալներով՝ 2013 թվականին Հայաստան դրամական փոխանցումների հոսքը կազմել է 2,3 մլրդ դոլար):

Հայաստանի Բանկերի միության նախագահ Արտակ Անեսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը որքան քիչ կախված լինի «դրսի օգնությունից» (փողից, որը քաղաքացիները ստանում են արտասահմանում աշխատող ազգականներից), այնքան ավելի լավ: Եթե երկիրը արտասահմանից մշտական ֆինանսական աջակցության կարիք չունենա, դա ցույց կտա, որ նրա տնտեսությունը զարգանում է, իսկ մարդիկ աշխատանք ու աշխատավարձ ունեն, որը բավականացնում է նրանց պահանջմունքների բավարարմանը: Այլ հարց է Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան ներդրումների հոսքը, սակայն դրանք, ինչպես նշեց Անեսյանը, առայժմ քիչ են՝ տարեկան միջինը մոտ 250 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ Վրաստանը ստանում է 10 անգամ ավելի շատ արտասահմանյան ներդրումներ: Արտակ Անեսյանը հուսով է, որ երկրում իրավիճակը կբարելավվի, իսկ արտասահմանցի ներդրողների վստահության մակարդակը կաճի, ինչը կօգնի ավելի շատ ներդրումներ ներգրավել: