2008 թվականից առ այսօր «Ամերիաբանկը» 4.5 մլրդ դոլարի վարկ է տրամադրել, որոնցից 1.2 մլրդ-ն՝ արտահանմամբ զբաղվող ընկերություններին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, Հայաստանի Բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը։

Հանեսյանի խոսքով՝ 2008 թվականից բանկի վարկային ներդրումներն ամեն տարի ավելացել են 39 տոկոսով։ Անցած տարի «Ամերիաբանկի» սպառողական վարկերի թղթապանակը կրկնապատկվեց, հիփոթեկայինը կազմեց ավելի քան 50 տոկոս, բիզնես վարկերն ավելացան 14 տոկոսով, իսկ հաճախորդների թիվը կրկնապատկվել է։

Այս ամենի մեջ մեծ դեր է կատարում, ըստ Հանեսյանի, նոր ծառայությունների ներդրումը, որոնց թվում է սքորինգի համակարգը փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտներին բիզնես վարկեր տրամադրելու համար։ Նույն համակարգն ավելի վաղ ներդրվել էր ֆիզիկական անձանց համար։ Այդ ծառայության շնորհիվ փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտները հաշված րոպեներում կարող են ստանալ առցանց վարկ 10 մլն դրամի չափով՝ սկսած տարեկան 13,5 տոկոսադրույքից, առանց հայտերի ուսումնասիրման հանձնաժողովի եւ առանց գրավի։

Ինչպես նշել է Հանեսյանը, այս տարի այդ ծրագրերը նախատեսվում է ընդլայնել, ինչպես նաեւ ներդնել եւս 2 առցանց ծառայություն, թե՛ բիզնեսի, թե՛ ֆիզիկական անձանց համար։