ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 19-ին, հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից։

«Մենք կարծում ենք, որ ներկայիս ծրագրերի իրականացման ընթացքը եւ դրանց առանցքում նպատակադրված թիրախներն առաջիկա առաջընթացն ապահովելու գործում մեծ ներուժ ունեն բոլոր ուղղություններում՝ մարդկային կապիտալի զարգացում, պետական կառավարման բարեփոխումներ, գործարար եւ հատկապես ՓՄՁ միջավայրի բարելավում եւ այլն», - նշել է նախարարը։

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ծրագրի հիմնական թիրախները, մասնավորապես մրցակցության եւ արտադրողականության բարձրացման, որակյալ աշխատատեղերի ստեղծման խնդիրները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է մասնագիտական եւ բարձրագույն կրթության կարեւորության հարցերը։ Նախարարն անդրադարձել է նաեւ ՓՄՁ զարգացման խնդիրներին։

Լոուրենս Մերեդիթը շնորհակալություն է հայտնել նախարարին կարեւոր տեղեկատվության ներկայացման համար եւ նշել այն առաջնահերթ ծրագրերը, որոնք կան օրակարգում։ Եվրոպացի պաշտոնյան նախարարի հետ քննարկել է Հայաստանի արտահանման հնարավորությունները, հեռանկարային ոլորտները եւ թիրախային շուկաները՝ դիտարկելով ԵՄ շուկա մուտք գործելու հեռանկարները։ Կողմերը մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների, վերամշակված գյուղմթերքի, գինեգործության եւ թեթեւ արդյունաբերության ոլորտների զարգացման ներուժի վերաբերյալ։

Տիգրան Խաչատրյանը եւ Լոուրենս Մերեդիթը քննարկել են նաեւ Հայաստանում զբոսաշրջության զարգացման, ենթակառուցվածքների բարելավման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպչական որոշ հարցեր։

Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին հանդիպման համար եւ նշել, որ Եվրամիությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին նախաձեռնած բարեփոխումներում։