Եթե մենք խոսում ենք փողերի լվացման մասին, այսինքն ապօրինաբար ստացված միջոցների օրինականացման գործընթացների մասին, ապա այդ ոլորտում գործում է այնպիսի իրավական ռեժիմ, որի դեպքում  անձն  ինքն է բացահայտում միջոցների ծագման աղբյուրը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմի ներդրման նախաձեռնությանը:

«Այսինքն, երբ որ դուք գնում եք բանկ, բանկային հաշիվ եք բացում  կամ միջոցներ եք ուզում փոխանցել, ապա դուք պարտավոր եք հիմնավորել ֆինանսական կազմակերպությանը, թե որտեղից այդ միջոցը, եւ որն է փոխանցման նպատակը։ Այսինքն կան օրենքով սահմանված սահմանաչափեր, որը գերազանցելու դեպքում, պարտավոր ես բացահայտել այդ միջոցների օրինականությունը։ Հակառակ դեպքում՝ պարզապես գործարքը չի կատարվում։

Հիմա՝  ինչ են ուզում  ներդնել, ինչ մեխանիզմներ կլինեն եւ ինչ հիմքերի առկայության դեպքում մարդիկ պարտավոր կլինեն բացահայտել  այդ ամենը, դեռեւս անհայտ է․ չկան շրջանառության մեջ դրված նախագծեր: Եես անձամբ որեւէ նախագիծ չեմ տեսել։ Կարծում եմ, որ երբ դրանք կմշակվեն, մենք կկարողանանք  քննարկել եւ կարծիք հայտնել  դրա հետ կապված»։

Դիտարկմանը, որ նման մեխանիզմ ներդնելու ընդդիմախոսները պնդում են, որ դրանով պետությունը ըստ էության, ապացուցման բեռը թոթափում է իր վրայից, նաեւ դա կարող է խոչընդոտել ներդրումներին, ինչպես նաեւ հաշվեհարդարի գործիք ծառայել իշխանության ձեռքին, Խաչատրյանն ընդգծեց. «Ես չեմ կարող մեկնաբանել, քանի դեռ նախագծերը չկան։ Ես մի մտավախություն ունեի, երբ նախնական շրջանառվում էր նախագիծը, տպավորություն էր ստեղծվում, որ գույքի նկատմամբ բռնագանձում կարող է տարածվել առհասարակ առանց դատարանի որոշմամբ։ Սակայն հետո եղավ մենկաբանություն, որ հերքեց այդ կասկածը՝ ասելով, որ դա այդպես չէ։ Եվ խոսքը վերաբերում է քրեական գործով  մեղադրական դատավճռին չսպասելուն, բայց դատական ակտ  պարտադիր պետք է լինի, ցանկացած տեսակի սեփականություն բռագանձելու համար։ Քանի որ եթե դատարանին դատական ակտ սահմանելու պահանջ չլինի, ուղղակիորեն կհակասի Սահմանադրությանը։

Հետեւաբար դատական ակտի առկայությունը պարտադիր է, սակայն որ դեպքում մարդ պետք է հիմնավորի գույքի ծագման աղբյուրի մասին, ում նկատմամբ է կիրառվելու, արդյոք այդտեղ անմեղ մարդիկ չեն տուժի, ներդրումային միջավայրը չի տուժի, նման հարցեր կարելի է տալ, միայն նման նախագծերի պատրաստ լինելուն պես, քննարկման դնելուց եւ հանրության դատին հանձնելուց հետո»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ձեւավորվել: