Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում այսօր՝ մարտի 19–ին, աուդիտ են իրականացրել մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցները։

Դպրոցում ուսումնական պրոցեսն արդեն մեկ շաբաթ է՝ կաթվածահար վիճակում է. աշակերտներն ու ծնողները պահանջում են դպրոցի նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը՝ մեղադրելով նրան կադրային խտրականության մեջ. մասնավորապես, դժգոհ են նոր փոխտնօրենի թեկնածուից, որը մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է։ Ուսուցիչների գործադուլին դասադուլով միացել են նաև դպրոցի աշակերտները։

Արդեն երկրորդ օրն է՝ տնօրենը դպրոց է գնում տասնյակ ոստիկանների և մարզպետի քեռիների ուղեկցությամբ, որոնց երեխաները միակն են, որոնք այս օրերին դասի են հաճախում։

«Բերել է 3-4 աշակերտ, ու պահանջում է, որ ուսուցիչները մտնեն դասարան: Մեր կամքն է, և մենք գնալու ենք մինչև վերջ։ Թող 35 մանկավարժի ազատեն աշխատանքից»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց ուսուցիչներից Շուշանիկ Ղահրամանյանը։

Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Արմինե Դավթյանը, որը նույնպես դպրոցում էր, ասաց, որ այս փուլում դպրոցում աուդիտ անցկացնելը նպատակահարմար չէ. տնօրենը դեռ չի հասցրել աշխատել, հետևաբար նրա աշխատանքի արդյունավետության մասին գնահատական տալ այս պահին հնարավոր չէ։

«Պետք է հասկանալ, որ տնօրենը ավելի է խորացնում այդ կոնֆլիկտը՝ ընդհանուր հայտարարի գալու, հանդիպելու, զրուցելու փոխարեն։ Քայլ չի արվում հաշտեցման կամ խնդրի լուծման համար, այլ սկսել են «խծբ» տարբերակով աշխատել դպրոցում»,– ասաց Արմինե Դավթյանը։

Ուսուցիչների խոսքով՝ մարզպետարանից իրենց վրա փորձում են տարբեր եղանակներով ճնշում գործադրել. «Մարզպետարանի աշխատակիցը մտավ դասարան, տեսավ, որ մեկ–երկու աշակերտ է ներկա, պահանջեց, որ մյուսներին բացակա նշանակեմ, բայց մատյանն ինձ մոտ չէր, լիներ էլ, չէի նշանակի»։

Ուսուցիչներից մեկն էլ ասաց, որ իրենց սկսել են կանչել ոստիկանություն։

«Ես ինձ բանտում եմ զգում, մենք շրջապատված ենք ոստիկաններով: Արդեն մեզ հրավիրում են ոստիկանություն»։

Ստեղծված վիճակը անհանգստացնում է հատկապես ավարտական դասարաններում սովորող աշակերտների ծնողներին. «Խնդիրը լուծելու փոխարեն մարզպետարանն աուդիտ է իրականացնում։ Իսկ մեր երեխաները շուտով քննություն են տալու»։

Ծնողները հայտարարեցին, որ մինչև տնօրենը հրաժարական չտա՝ երեխային դպրոց չի ուղարկելու: Նշենք, որ Ավշարի միջնակարգ դպրոցում մոտ 500 աշակերտ է սովորում։

Նշենք, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել է, որ Ավշարի միջնակարգ դպրոց է գործուղվել աշխատակազմի Երեխաների իրավունքների բաժնի պետին ու Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետին՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով։