Ցմահ դատապարտյալների գործերի մասսայական կամ թիրախային վերանայումներ Արդարադատության նախարարությունը լիազորված չի իրականացնել։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Մեր ծրագրում նման դրույթ չկա, հետեւաբար նաեւ ես զեկույցով հանդես չեմ եկել։ Սակայն եթե դուք կգտնենք, որ նրանց գործերում տեղի են ունեցել արդար դատաքննության այնպիսի խախտումներ, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը, կարող եք ներկայացնել վճռաբեկ բողոք։ Մասայական կամ թիրախային վերանայումներ լիազորված չենք իրականացնել»,– ասաց նա։

Ցմահ դատապարտյալների նկատմամբ, նրա խոսքով, անհատական մոտեցում ցուցաբերվել է արդեն. «Ինչպես գիտեք՝ պայմանական վաղաժամկետ ազատված ունենք, առողջական վիճակի հիմքով ազատված ունենք, պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդություններ ենք ներկայացրել, նրանց ռեժիմի փոփոխությունների օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում»։