Ղազախստանի նախագահի պաշտոնից Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարականը չի ազդի ՀԱՊԿ-ի շրջանակներում ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման վրա, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Ղազախստանի նախագահի փոփոխությունն ազդեցություն չի ունենա պայմանավորվածությունների եւ ծրագրերի կատարման վրա, որոնք ընդունվել էին ՀԱՊԿ-ի կողմից ավելի վաղ եւ իրականացվում են ներկայումս»,-ասել է Սեմերիկովը:

«Ինչպե՞ս դա (Նազարբաեւի հրաժարականը – խմբ.) կարող է անդրադառնալ, եթե ՀԱՊԿ-ի անդամ բոլոր պետությունները կապված են մեկ պայմանագրով: Դրանում հստակ նշված են կողմերի պատրավորությունները միմյանց հանդեպ»,-հավելել է նա:

Նրա խոսքերով՝ Նազարբաեւի հրաժարականը չի նշանակում, որ իր ստորագրած որոշումները կկորցնեն իրավական ուժը:

Երեքշաբթի հանրապետական հեռուստաալիքների եթերում Ղազախստանի ժողովրդին ուղղված իր ելույթում Նազարբաեւը հայտարարել է, որ որոշել է վայր դնել երկրի նախագահի լիազորությունները: Ղազախստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա սենատի խոսնակ Քասիմ-Ժոմարթ Տոկաեւը: