Ամերիկյան Apple կորպորացիան ներկայացրել է iMac սեղանի համակարգչի նոր մոդելը իր առցանց խանութի միջոցով: Սարքը համալրված է 4K ( 21.5 դույմ էկրանով) կամ 5K ( 27 դույմ էկրանով) կարգավորմամբ Retina դիսփլեյով, հաղորդում է «Կոմմերսանտ»-ը:

Դիսփլեյն ունակ է վերարտադրել 1 մլրդ գույն: Նոր մոդելները համալրված են 8-րդ եւ 9-րդ սերնդի Intel Core պրոցեսորով, որը 60 տոկոսով ավելի հզոր է 21.5 դույմով նախկին տարբերակից, ինչպես նաեւ 2.4 անգամ՝ 27 դույմով նախկին տարբերակից: Վերջինս նախնական կարգավորմամբ համալրված է Fusion Drive բարձր արագությամբ կրիչներով, տեխնոլոգիան հասանելի է նաեւ 21.5 դույմով մոդելների համար: Ավելին, առկա է մինչեւ 2 ՏԲ ծավալով SSD կրիչով կոնֆիգուրացիա:

Համակարգչի գրաֆիկական պրոցեսորը Radeon Pro 500X-ն է: 21.5 դույմ դիսփլեյով iMac-ի գինը սկսվում է 1600 դոլարից, 27 դույմով տարբերակը՝ 2300 դոլարից: 27 դույմով Retina 5K դիսփլեյով iMac-ի վրա տեղադրվում է մինչեւ 8 ԳԲ վիդեոհիշողությունը, իսկ 21.5 դույմով Retina 4K դիսփլեյով iMac-ի վրա՝ մինչեւ 4 ԳԲ: