ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է ՆԱՏՕ-ում Բրազիլիայի անդամության հարցը՝ ողջունելով Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյին Սպիտակ տանը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք լրջորեն կդիտարկենք այդ հարցը՝ լինի դա անդամությունը ՆԱՏՕ-ին կամ այլ միությանը»,-ասել է Թրամփը լրագրողներին:

Նա նշել է նաեւ, որ սատարում է Բրազիլիայի ջանքերը՝ «Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպությանը» (ՏԶՀԿ) միանալուն ուղղված:

Բրազիլիան, լինելով աշխարհում մեծությամբ ութերորդ տնտեսությունը, 2017 թվականին դիմել էր ՏԶՀԿ-ին անդամակցելու համար, որի կազմում շուրջ երեք տասնյակ երկրներ են՝ ներառյալ Լատինական Ամերիկայի երկրները՝ Մեքսիկան, Չիլին եւ Կոլումբիան: