Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երրորդ մամուլի ասուլիսը տվեց՝ տեղով ու ժամանակով ուշագրավ․ ասուլիսը հրավիրվեց Մատենադարանում, տեւեց 4 ժամ 20 րոպե, ավելի երկար, քան նախորդ երկուսը։ Փաշինյանը անդրադարձավ արտաքին ու ներքին տարբեր թեմաների՝ իր կենցաղից մինչեւ պետական հարցեր։

Նախ քննադատությունների ու օդում կախված լուրերի մասին։ Ինչու է Փաշինյանը Երեւանից մարզ ուղղաթիռով մեկնում․ պարզվում է, ուղղաթիռը թռիչքի պարտադիր ժամեր ունի, եւ Փաշինյանով թե առանց նրա՝ պետք է օդ բարձրանա։

Վարչապետի որոշումները կարող են փոխվել կնոջ Աննա Հակոբյանի ազդեցությամբ․ այս քննադատությունը Փաշինյանը հիշեց ու հերքեց։ Այնուամենայնիվ նա կողմ է, որ կնոջ դերը բարձրանա Հայաստանում, նաեւ իր կնոջ։

Պաշտոնական այցերին ինչու է ընտանիքը նրան ուղեկցում, այս հարցին Փաշինյանը պատասխանեց՝ հիշելով իր աղքատ ու դժվար անցյալը, երբ ընտանիքը կողքին էր։

Փաշինյանը այլ քննադատություն էլ հիշեց՝ ինքը էմոցիոնալ է, երբեմն չափածո խոսող։

Ներքաղաքական կյանքում ըստ լրագրողի դժգոհության ալիք է բարձրանում, ըստ Փաշինյանի՝ ընդհակառակը, հիմա անկախաթյունից ի վեր քաղաքական ամենակայուն փուլում ենք, դժգոհության ալիք չկա, այն ստեղծվում է երեք սենյակներում, որոնց տեղը ինքը գիտի։

Ինչու օպերայի շրջակայքում մոնտաժվեցին հենց երկու սրճարարն, իսկ մյուսներին, որ պատկանում են հայտնի մարդկանց, բուլդոզերը մոտ չեկավ, եւ արդյոք Օպերայի ազատագրումը կոնկրետ անձերի դեմ էր՝ հարցրեց լրագրողը։

Փաշինյանը հայատարարել էր, թե Բաղրմյան 26 ճամպրուկներով փող են տարել։  Լրագրողը հետաքրքրվեց՝ ովքեր էին նրանք, եւ ինչու պատասխանատվության չի ենթարկվում ճամպրուկներով կաշառք ընդունողը՝ Սերժ Սարգսյանը։ Ճամպրուկը պետք չէր ուղիղ իմաստով հասկանալ․ Փաշինյանը ճշտեց՝ դա այլաբանություն էր։

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դեմ հաշվեհարդար բառը Փաշինյանը անհամատեղելի է համարում մի կառավարության նկատմամբ, որը իշխանության է եկել սիրո եւ համերաշխության հեղափոխությամբ։ Իսկ մարտի 1-ի 10 զոհերի մեղավորներին բացահայտելու համար, ըստ նրա, մեկ այլ քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա։

Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանը պատրաստ է խոսել, ասաց՝ կարծում է՝ պետք է մասնակցի ադրբեջանական հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելուն եւ հակառակը՝ Ալիեւն էլ մեզ հետ խոսի։

Ավշարում շարունակվում է դպրոց-տնօրեն կոնֆլիկտը։  Ուսումնական պրոցեսն արդեն մեկ շաբաթ է՝ կաթվածահար վիճակում է. աշակերտներն ու ծնողները պահանջում են դպրոցի նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը՝ մեղադրելով նրան կադրային խտրականության համար, մասնավորապես՝ դժգոհ են փոխտնօրենի նոր թեկնածուից, որը մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է։ Ուսուցիչների գործադուլին դասադուլով միացել են դպրոցի աշակերտները։ Արդեն երկրորդ օրն է՝ տնօրենը դպրոց է գնում տասնյակ ոստիկանների և մարզպետի քեռիների ուղեկցությամբ, որոնց երեխաները միակն են, որոնք այս օրերին դասի են հաճախում։ Մարզպետարանը դպրոցում է աուդիտ է սկսել, թե ինչ են փնտրում, ուսուցիչները չգիտեն, տնօրենը դեռ չի հասցրել աշխատել, հետևաբար նրա աշխատանքի արդյունավետությունը գնահատել այս պահին հնարավոր չէ։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վայր է դրել երկրի ղեկավարի լիազորությունները: Այսօր նա ուղիղ եթերում այդ մասին հատուկ ուղերձ է հղել ժողովրդին: «Ես բարդ որոշում եմ կայացրել: Ինձ ընձեռվել էր անկախ երկրի առաջին նախագահը լինելու մեծագույն պատիվը: Մենք ձեզ հետ կարողացանք ԽՍՀՄ փլատակների վրա հաջողակ պետություն կառուցել»,- ասել է նա:  Նախագահի լիազորությունները փոխանցվել են երկրի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևին: Նազարբաևը նախագահում է 1990-ից: Վերջին անգամ նա վերընտրվել էր 2015-ին: Սա Նազարբաևի պաշտոնավարման 5-րդ ժամկետն էր:

Դոլարի փոխարժեքի անկումը չի դադարում, այսօր կազմել է 486 դրամ, եվրոն 552 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 645, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 57 դրամ:

Մարտի 20-ին Սյունիքում մարզում տեղումներ են սպասվում, մյուս մարզերում եւ Երեւանում՝ առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +10+12։