Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում մարտի 18-ին դարձյալ բողոքի ակցիա էր՝ գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականի պահանջով։

«Էստեղ բոլորին էլ ծեծել ա, թող մեկը ասի, որ իրա հետ կռիվ, դավի, ծեծ չի եղել»,- հայտարարեց գյուղացիներից մեկը։

Մի ուրիշ բնակիչ պատմեց, որ գյուղապետի թոռը՝ տնօրենի տղան, լոուցկին վառել է, գցել է իր երեխայի ծոցը․ «Երեխայի մեջքը լրիվ այրվածքներ են, հագուստը վառվել էր, եւ հետո էլ ծիծաղացել են երեխայի վրա։ 10 տարի է՝ համբերում ենք էդ բաները։ Էս զայրույթը շուտվանից ա եղել էս ժողովրդի մեջ»։

Նրանք ասում էին՝ վախի մթնոլորտի պատճառով է, որ համայնքի բոլոր բնակիչները ոտքի չեն կանգնում․ «Լծակներն աշախատացնում ա էս ժողովրդի դեմ, որպեսզի սաստի, դուրս չգան»։

Այս դժգոհությունը գյուղապետը NEWS.am-ի հետ զրույցում բացատրեց իշխանափոխությամբ․ «Մարդիկ ասում են՝ իշխանություն ա փոխվել, բավական ա, 23 տարի աշխատել ես, ուզում ենք դու չլինես, ուրիշին տեսնենք էստեղ»,- ասաց Պարույր Սարգսյանը։

Նա հայտարարեց, որ եթե բողոքող գյուղացիները կարողանան հավաքել 50 պլյուս 1 ստորագրություն, ինքը նույն րոպեին հրաժարական կտա․ «Ցուցակայինով ունեմ 1593 կամ 4 ընտրող, եթե կարան հավաքեն 800 ձայն, ես իմ հրաժարականը կտամ։ Էդ էլ մի կողմ եմ դնում, թող 400-450 ձայն հավաքեն, իմ հրաժարականը կտամ եւ իմ թեկնածությունը չեմ դնի»,- ասաց գյուղապետը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները արդեն մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը, որին մեղադրում են մի շարք անօրինականությունների համար։