Եվրասիական տնտեսական միության շրջանակում միասնական արժույթին անցումը հնարավոր է, սակայն միության մեջ մտնող երկրները դրան դեռեւս պատրաստ չեն: Այս մասին հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի անդամի (նախարար) ինտեգրացիայի եւ մակրոտնտեսության հարցերով օգնական Ֆյոդոր Չեռնիցինը Վաշինգտոնում Ռուսական մշակութային կենտրոնում տեղի ունեցած ԵՏՄ գործարար կապերի զարգացմանը նվիրված ամենամյա համաժողովում ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ մոտ փոխադարձ վճարումներում ազգային արժույթի բաժինն աճում է՝ աստիճանաբար ավելի ու ավելի մեծանալով: Այս հարցում ԵՏՀ-ն եւ երկրների կառավարությունները չպետք է ճնշում գործադրեն ոչ ոքի վրա, նրանք չեն էլ ճնշում»,- նշել է նա:

«Ինչ վերաբերում է միասնական արժույթին, ապա այս հարցում ծրագրեր չկան: Այս բանավեճն ընթանում է փորձագետների մակարդակով, տեսական մակարդակում: Ներկայումս միասնական արժույթին անցումը հնարավոր է, բայց մենք դրան պատրաստ չենք: Մենք պետք է մեծացնենք ազգային արժույթի բաժինը»,- նշել է նա:

«Հիմա պաշտոնապես դրված չէ միասնական արժույթի անցնելու հարցը: Մենք ծրագրեր ունենք 2025 թվականին Ղազախստանի տարածքում ստեղծելու ԵՏՄ ֆինանսական մեգակարգավորող՝ հաստատություն, որն անկախ կազմակերպություն կլինի՝ պատասխանատու միության միասնական ընդհանուր ֆինանսական քաղաքականության համար: Հիմա վաղաժամ է միասնական արժույթի մասին խոսելը»,- ընդգծել է Չեռնիցինը: