Հայաստանը միշտ ընդգծել է ՀԱՊԿ կարեւոր դերը երկրի  անվտանգության համակարգում: Մարտի 20-ին  ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց  ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Պատասխանելով գլխավոր քարտուղարի նշանակման եւ  շրջանցելով Հայաստանին նրան նշանակելու հնարավորության մասին հարցին՝ Նաղդալյանը հիշեցրեց, որ նախօրեին ասուլիսի ժամանակ նման հնարավորությունը բացառեց վարչապետը:

«ՀԱՊԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա: Գլխավոր քարտուղարի նշանակման հարցով խորհրդակցությունները շարունակվում են», - հավելեց Նաղդալյանը:

Մեկնաբանելով Վալերի Սեմերիկովի հայտարարությունն այն մասին, որ կողմերին այսօր փաստաթղթեր են ուղարկվել կաղզմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի թեկնածության վերաբերյալ, Նաղդալյանը նկատեց, որ ծանոթ չէ փաստաթղթերի բովանդակությանը, սակայն նշեց, որ դեռ հստակեցված չէ նման իրավիճակում գործողությունների սկզբունքը, իսկ մնացածի մասին խոսելն անիմաստ է:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը հեռացավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից քրեական հետապնդման պատճառով:

 

 

Հետագայում պարզվեց, որ ՀԱՊԿ Կանոնադրությամբ գլխավոր քարտուղարի վաղաժամ հրաժարականի դեպքում իրավիճակը չի կարգավորվում: Հայաստանը կարծում է, որ մինչեւ լիազորությունների ժամկետի ավարտը պաշտոնը պետք է զբաղեցնի իր ներկայացուցիչը (գլխավոր քարտուղարը նշանակվում է 3 տարով):