ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր՝ մարտի 20-ին կայացած հերթական նիստում շարունակվեց տուժողների հարցաքննությունը։

Ոստիկանության զորքերի աշխատակից Փայլակ Մնացականյանը նշեց, որ 2016 թվականի հուլիսի 29-ին ծառայություն է կատարել Խորենացի փողոցում։ «Քանի որ քաղաքացիներ էին հավաքվել եւ հնարավոր է զանգվածային անկարգություններ տեղի ունենային, շարժվել ենք այդ ուղղությամբ։ Սարի թաղ չհասած մեզ մոտեցան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք սկսեցին քարեր նետել, պայթուցիկներ ու շշեր նետել»։ Նրա խոսքով՝ ոստիկանությանը հաջողվել է ցրել հավաքվածներին, սակայն վերադառնալիս ՊՊԾ գնդի կողմից կրակոց է լսել եւ ցավ զգացել որովայնի եւ ոտքի հատվածում։ «Մոտեցա ոստիկաններին, որոնք օգնեցին ինձ։ Շտապօգնության մեքենայով տեղափոխեցին ինձ հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ վնասվել է հաստ աղիքս, որից հանել են փամփուշտը։ Այն ենթարկվել է փորձաքննության, թե ոչ, չգիտեմ»։  Նա, սակայն, դժվարացավ նշել, թե ով է կրակել. «Կարող եմ ասել, որ կրակոցի ձայնը լսել եմ գնդի տարածքից»։

Հաջորդը ցուցմունք տվեց տուժող ոստիկաններից Մայիս Հովհաննիսյանը, որը նշեց, որ գնդի հարակից տարածում այրվել է իր ծառայողական ավտոմեքենան եւ պահանջում է, որ փոխհատուցվի պատճառված գույքային վնասը։ Նա, սակայն, դժվարացավ նշել, թե ով է այրել մեքենան։

Ոստիկանության աշխատակից  Հրայր Հայրապետյանն էլ հարցաքննության ժամանակ ասաց, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ գնդում չի եղել, միայն օգոստոսի 4-ին կամ 5-ին է մուտք գործել գունդ եւ իր աշխատասենյակը գտել թափթփված վիճակում։ Նրա խոսքով՝ իր սենյակից ՊՊԾ գնդի գրավման օրերին անհետացել է 336 հազար դրամ գումար, որը եղել 1-02 շաբաթաթերթի գումարը։ Հրայր Հայրապետյանը հայտնեց, որ կորցրել է իր անվանական ատրճանակը, որը հետագայում գտել են գնդի տարածքում։