Հայաստանի տնտեսական համակարգը շարունակում է նպաստել հարուստների հարստացմանը եւ աղքատների աղքատացմանը:

Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ապահով հայեր» նախաձեռնության ղեկավար Էռնեստ Ղազարյանը:

Նրա խոսքով, իրավիճակը փոխելու իշխանությունների փորձը դեռեւս շոշափելի արդյունքներ չի բերել:

«Նման խոչընդոտներից մեկը բանկային համակարգն է: Մասնավորապես անընդունելի են գրավատների հարկման ոլորտի փոփոխությունները, որի համաձայն վերջիններս տասնյակ անգամ ավելի շատ են վճարելու, քան հիմա:

Ընդ որում, որ այս փոփոխությունները առավելություններ են տալիս վարկային կազամկերպություններին եւ բանկերին», - նկատեց նա:

Ղազարյանն ընդգծեց, որ կամ այս քաղաքականությունը նպատակ ունի գրավատները դուրս մղել ֆինանսական շուկայից կամ առաջարկվող փոփոխությունները միայն սխալ որոշումների արդյունք են:

«Պետք է հասկանալ, որ վարկավորման ներկայիս պայմանները բանկերին եւ վարկային կազմակերպություններին հնարավորություն են տալիս առանց սահմանափակումների բարձրացնել տոկոսադրույքները:

Դա հանգեցրեց բնակչության աղքատացմանը: Չէ, որ հասկանալի է, որ անապահով մարդը ստիպված է վարկ վերցնում: Նման համակարգը նման է անապատում ջրի վաճառքին», - հավելեց փորձագետը: