Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններն արտաքսել են մի տղամարդու, որը Facebook-ի իր էջում մեկնաբանություն էր արել՝ տոնելով մարդկանց զանգվածային սպանությունը Նոր Զելանդիայի մզկիթներում։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Transguard ընկերության հայտարարությանը։

Տղամարդն աշխատում էր Transguard ընկերությունում, որը ծառայություններ է մատուցում անվտանգության ոլորտում։ Հայտարարությունում նշված չէ ոչ արտաքսվածի անունը, ոչ ազգային պատկանելությունը։ Ինչպես նշում է Reuters-ը՝ ԱՄԷ կառավարությունից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել։

«Հանգստյան օրերին Transguard-ի աշխատակիցը սադրիչ մեկնաբանություններ էր արել Facebook-ի իր էջում՝ տոնելով Քրայսթչերչի (Նոր Զելանդիա) մզկիթի ահավոր գրոհը»,- նշվում է հայտարարությունում։ «Մենք ունենք բացարձակ անհանդուրժողության քաղաքականություն սոցցանցերի անպատշաճ օգտագործման առումով, եւ արդյունքում՝ այդ մարդը անհապաղ զրկվեց լիազորություններից ու հանձնվեց իշխանություններին՝ հետագա դատական գործընթացի համար»,- գործակալությունը մեջբերում է Transguard-ի կառավարիչ տնօրեն Գրեգ Ուորդի խոսքերը։ Ընկերությունում ավելացրել են, որ ԱՄԷ կառավարությունն արտաքսել է նրանց աշխատակցին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։