Կա կոնսենսուս, որ գրավատների ու փոխանակման կետերի տուրքը պետք է բարձրացվի, խնդիրն այն է, թե ինչքան պետք է բարձրացվի: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը՝ հավելելով, որ դեռ պետք է լսեն նաեւ մյուս կողմին:

«Այն, ինչ գրավոր ներկայացվել է, թերի է, առնվազն չի բավարարում մեզ: Գուցե հաջորդ հանդիպման ժամանակ կբերեն այնպիսի փաստարկներ, որ կհամոզեն մեզ, բայց գուցե չհամոզեն»,-ասաց նա:

Հայկ Գեւորգյանի խոսքով՝ այս պահին փորձում են գրավատների ներկայացուցիչների հետ հասկանալ, թե որն է տուրքի բարձրացման օպտիմալ չափը, որը կլուծի թե՛ վերահսկողության, թե՛ բյուջե մուտքերի, թե՛ մրցակցության խնդիրը:

«Եթե նայում ենք կոնկրետ մի կետից, օրինակ, որ իրենք վճարում էին 100 հազար, իսկ հիմա վճարելու են 6 մլն ու վերջ, ապա խնդիր է առաջանում։ Բայց պետք է այդ ամենին գլոբալ նայել, քանի որ քննակումների արդյունքում էլ պարզ դարձավ, որ իրենց շրջանառությունն ու եկամտաբերությունը նվազում է։ Սա որպես բիզնես ժամանակի ընթացքում կորցնում է իր մրցունակությունը։ Եթե նույնիսկ տուրքերը զրոյական դառնան, միեւնույն է, առանձին վերցրած փոխանակման կետը չի կարող դիմանալ ավելի համակարգված ցանցային փոխանակման կետերի հետ մրցակցությանը, ինչպիսին «Երեւան Սիթի»-ների կամ «ՍԱՍ»-երի ցանցերն են, բանկերի մասնաճյուղերն են, որովհետեւ վերջիններիս թե՛ աշխարհագրական սփռվածությունն է մեծ, թե՛ մատուցվող ծառայությունների մարժան է փոքր»,- ընդգծեց պատգամավորը:

Նա նշեց, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից արդեն հարցումներ ուղարկել՝ որոշ վիճակագրական տվյալներ ստանալու ակնկալիքով, որը կօգնի ավելի օբյեկտիվ պատկեր ունենալ:

Նշենք, որ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք: