Ես կարծում եմ` ՀՀ կառավարության հետ ոչ ոք սպառնալիքներով չպետք է խոսի. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով «Լիդիան» ընկերության հայտարարությանը, թե պատրաստվում է միջազգային արբիտրաժ դիմել ՀՀ կառավարության դեմ:

«Հայտարարության մասին լսել ենք, եւ կառավարությունը համապատասխան քայլեր իրականացնում է։ Քայլերն այն են, որ իրավական գործընթացի հետ կապված եթե կարող են լինել ռիսկեր՝ արբիտրաժային գործընթացի գնալու, ապա կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, պետք է իրավական համապատասխան ապահովությունը պաշտպանի»,-ասաց նա:

Հարցին, թե իր տեսակետը ո՞րն է, Ամուլսարի հարցով կա քրեական գործ, նախարարը պատասխանեց, որ քրեական գործն ընթանում է: «Գիտեք նաեւ, որ ներգրավված է միջազգային փորձագետ, որի համար կառավարությունը բավական գումար է տրամադրել, եւ կարծում եմ, որ «Լիդիանի» ներկայացուցիչները պետք է նույնպես ըմբռնումով մոտենան, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի առավելագույն ռիսկերը գնահատի կապված փորձաքննական գործընթացի հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս գործընթացի վերջում կունենանք պատշաճ տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ:

Դիտարկմանը, թե «Լիդիանի» հայտարարությունները, թե կդիմեն միջազգային արբիտրաժ, հաճախ ընկալվում են որպես սպառնալիք ու շանտաժ, Էրիկ Գրիգորյանն արձագանքեց. «Ես կարծում եմ` ՀՀ կառավարության հետ ոչ ոք սպառնալիքներով չպետք է խոսի: Ես չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ մասնավոր կազմակերպության հայտարարությունները: Միջազգային փորձը տարաբնույթ է. լինում են դեպքեր, որ միջազգային արբիտրաժ դիմողները շահում են, լինում են դեպքեր, որ հիմքերը բավարար չեն: Բացի այդ, կա նաեւ պետության իրավունքը իր քաղաքացիների կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրի պահպանությունը ապահովելու»:

Նախարարն ասաց, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է այն բոլոր պատշաճ քայլերը, որի շրջանակներում պետք է ապահովի Հայաստանի շահը։ Նա շեշտեց, որ իրենց ներդրումների չափը, ըստ իրենց տվյալների, 500 մլն դոլարի է, իսկ ըստ իրենց տված տվյալների՝ պաշարները, որտեղ հաստատված են ոսկին եւ արծաթը, 2,5 մլրդի դոլարի չափ են:

«Լիդիան»-ը հայտարարել է ՀՀ կառավարության հետ վեճերի առկայության մասին. չի բացառվում, որ դիմի միջազգային արբիտրաժ