Հսկայական կրիան ափ է նետվել նորզելանդական Հարավային կղզու Ակարոա գյուղում։

Ավելի քան 200 կիլոգրամ քաշ ունեցող սատկած կենդանուն հայտնաբերել են տեղի ֆերմաներից մեկում։ Այն բարձրացրել են տրակտորի օգնությամբ, տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։

Dermochelys coriacea-ները ժամանակակից կրիաներից ամենախոշորներն են։ Նրանք ապրում են մերձարեւադարձային ծովերում, բայց երբեմն հայտնվում են չափավոր լայնությունների ջրերում։ Տեսակի ամենամեծ ներկայացուցիչը, որը նկարագրվել է 1990-ին, 916 կիլոգրամ է եղել։ Այդ կենդանիները անհետացման վտանգի տակ են։

Սատկած կրիային կուղարկեն Վելինգտոն, որտեղ կուսումնասիրեն Տե Պապա Տոնգարեւա ազգային թանգարանի գիտնականները։

«Մենք չգիտենք, թե ինչից է սատկել կենդանին։ Տե Պապայում կպարզեն։ Գուցե լիքը պլաստիկ է կերել»,- մեկնաբանել է բնության պահպանության բաժնի ռեյնջեր Դերեք Քոքսը։