Գյուղատնտեսության ոլորտում մեծ ներդրումային ծրագրեր են նախապատրաստվում. ներկայացվում է բիզնես ներդրում թռչնաբուծության ոլորտում, որպեսզի կարողանանք ինքնաբավության մակարդակը բարձրացնել: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը:

Ըստ նրա՝ այսօր թռչնի մսի հսկայական ծավալների ներմուծում է կատարվում. «Տավարաբուծության մեջ մեծ ծրագիր ենք իրականացնում: Սուբսիդավորել ենք խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծումը 0-2%-ով, սահմանամերձ գյուղերում սոցիալական աջակցություն ստացողները՝ 0 տոկոս, մնացածներում՝ 2%, բավական մեծ քանակի մասին է խոսքը, որպեսզի նաեւ ցեղը բարելավվի, եւ կարողանանք արդյունք ստանալ»,-ասաց Գեղամ Գեւորգյանը:

Նա նշեց, որ նաեւ մեծ ծրագիր են ներկայացնելու ջերմոցային տնտեսությունների ներդրման ֆինանսավորման, զարգացման համար: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, 10 մլն-ից ավելի ներդրումային փաթեթ են ներկայացնում՝ առնվազն 4 ուղղություններով՝ թռչնաբուծություն, ջերմոցային տնտեսություն, այգեգործություն, նաեւ ենթակառուցվածքների զարգացում. «Մեծ  գյուղատնտեսական շուկայի մասին է խոսքը»: