ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, կարծում է, որ եթե Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը լսեր իր հոր խորհուրը բրեքսիթի հաշվով, ամեն բան կարգին կլիներ։

Telegraph-ի իր հոդվածում Թրամփ կրտսերն ասել է, որ Բրիտանիայի անկարողությունը՝ բրեքսիթն իրագործել վերջնաժամկետին (մարտի 29), օրինակն է այն բանի, թե ինչպես են իսթեբլիշմենթի էլիտաները փորձում խափանել ժողովրդի կամքը։ Նա բրեքսիթը համեմատել է ԱՄՆ քաղաքական լանդշաֆթի հետ՝ նշելով, որ դեմոկրատները եւ «խորքային պետության ներկայացուցիչները գործարքի մեջ են մտնում՝ ամերիկյան ժողովրդի կամքը խափանելու նպատակով»։

Թրամփ կրտսերը մանրամասների մեջ չի խորացել, թե հատկապես ինչ է խորհուրդ է տվել հայրը Թերեզա Մեյին։ Սակայն անցած տարվա հարցազրույցում BBC-ն հետաքրքրվել էր այդ մասին Մեյից։ «Նա ասաց ինձ, որ ես պետք է ԵՄ-ին դատի տամ։ Չմտնեմ բանակցությունների մեջ, այլ դատի տամ»,- ասել էր Մեյը։