«Գովազդի մասին» օրենսդրական նախագիծը նախատեսում է արգելել ուսանողների, աշակերտների եւ այլ անձանց համար հետազոտական, գիտական, կրթական  եւ այլ աշխատանքներ գրելու գովազդը։ Այս մասին ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովում «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ ասաց նախագծի նախաձեռնող, հիմնական զեկուցող, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Ինչպես պարզաբանեց պատգամավորը, նմանատիպ աշխատանքներից են էսեները, ռեֆերատները, կուրսային աշխատանքները, դիպլոմային աշխատանքները եւ այլն։

«Նախագծի համաձայն, գիտական հետազոտությունների եւ թեզիսների պատրաստման իմաստն այն է, որ սովորողներն ինքնուրույն կատարեն տվյալ աշխատանքը»,- պարզաբանեց նա։

Սակայն, տարատեսակ գովազդային միջոցների օգնությամբ թեկնածուական, դիպլոմային եւ այլ գիտական աշխատանքներ շահույթի միջոց են դառնում նրանց համար, ով պատրաստ է որոշակի գումարի դիմաց կատարել եւ պատրաստել տվյալ աշխատանքները, ինչն էլ իր հերթին իջեցնում է ուսանողների եւ աշխատանքի շուկայում պոտենցիալ մասնագետների հանդեպ վստահությունը։

Այս ամենը, պատգամավորի կարծիքով, վնաս է պատճառում ինչպես ուսանողներին, այնպես էլ կրթության ոլորտին ըհդհանրապես, քանի որ կեղծում է ուսանողի ստացած կրթության իրական արդյունքները։ «Ավելի լավ կլիներ ուսանողներից քիչ պահանջել, քան ստիպել նրանց 30 էջանոց ռեֆերատ գրել»,- հայտարարել է պատգամավորը։

Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը համարում է, որ տվյալ հարցի վերջնական լուծումը գտնվում է համալսարանների գործողությունների շրջանակներում, որոնք պետք է համապատասխան համակարգ ներդնեն։ Նա հավելել է, որ այս հարցը կարելի է լուծել առաջիկա տարվա ընթացքում։

Արդյունքում օրենսդրական նախագիծը արժանացավ խորհրդարանական հանձնաժողովի միաձայն դրական գնահատականին։